10.11.2025
Տնտեսվարողներին՝ ներդրումների դեպքում թույլ կտրվի արագ ծախսագրել ամորտիզացիոն ծախսերը
22.04.2020
Տնտեսվարողներին՝ ներդրումների դեպքում թույլ կտրվի արագ ծախսագրել ամորտիզացիոն ծախսերը

Ազգային ժողովում քննարկվում են հարկային օրենսգրքում փոփոխությունների միջոցով ներդրումների խթանման հարցը: Խոսքը տնտեսվարողին՝ սարքավորումներ գնելու համար ներդրումների դեպքում ծախսի ամորտիզացիան (մաշվածությունը) ծախսագրելու հնարավորություն տալուն մասին է: «Այսօրվա հարկային կարգավորումներով, եթե տնտեսվարողները ներդրում է կատարում, այսինքն սարքավորումներ է գնում, ինքը չի կարող միանգամից տվյալ տարում այդ ծախսի ամորտիզացիան (մաշվածությունը) ծախսագրել», - ասաց ապրիլի 22-ին ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Նրա խոսքով, առանձին խմբերի համար կան սահմանված ժամկետներ, օրինակ, համակարգիչների եւ նման տեխնիկայի համար ամորտիզացիոն նվազագույն ժամկետը մեկ տարի է, սարքավորումների համար 5 տարի, շենքերի համար՝ 20 տարի: Ստացվում է, եթե մեկը մեկ մլն դոլարի հոսքագիծ է գնել, նշում է Թունյանը, չի կարող հենց նույն տարում ծախսագրել, ներկայացնել որպես ծախս, իր եկամուտներից պակասեցնել եւ ավելի քիչ շահութահարկ վճարել: Այլ պետք է դա կատարի առնվազն 5 տարվա ընթացքում՝ մաս-մաս: Այս փոփոխությամբ, Թունյանի խոսով, առաջարկում են, որ այդ հնարավորությունը տարածել բոլոր տնտեսվարողների վրա, եթե նրանք այդ ներդրումները կկատարեն մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը: «Սա մոտիվացնելու է, որ տնտեսվարողները, որոնք մտադիր էին ներդրումներ անել եկող տարի կամ հաջորդ տարիներին, այդ ներդրումներն անեն այս տարի: Բուն տնտեսվարողն այդ էֆեկտը զգալու է ոչ թե այս տարի, այլ հաջորդ տարի, քանի որ հարկերը վճարելու է հաջորդ տարի, բայց տնտեսությունը դա զգալու է հիմա: Դա կոչվում է արագացված ամորտիզացիայի գործիք»,-ասաց Թունյանը: