24.11.2024
Ռեկտորները կնշանակվեն, ոչ թե կընտրվեն. Արմեն Աշոտյանն ահազանգում է
prev Նախորդ նորություն

Դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկը վստահեցնում է, որ արտարժութային շուկայում աժիոտաժային տրամադրությունների հիմքեր չկան, ավելին՝ այս պայմաններում, թե’ ներկայում, և թե’ դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր առկա չեն: Այս մասին ԿԲ-ն հայտնել է՝ «Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ անդրադառնալով երկրում վերջին շրջանում նկատվող դրամի փոխարժեքի արժեզրկմանը:


«Մեր դիտարկումներով դրամի շարժի հիմքում ընկած իրական հատվածի հոսքերում (արտահանում, ներմուծում, դրամական փոխանցումներ, ՕՈՒՆ (օտարերկրյա ուղղակի ներդրումներ) և այլն) էական անհաշվեկշռվածություններ չեն ձևավորվել։ Ուստի արտարժութային շուկայում աժիոտաժային տրամադրությունների հիմքեր ևս չկան։ Միևնույն ժամանակ, եթե ռազմական դրության հայտարարման առաջին օրերին Հայաստանի երկրի ռիսկի հավելավճարը միջազգային ֆինանսական շուկաներում փոքր-ինչ բարձրացել էր, ապա ներկայումս այն կրկին նվազել է։ Սա նշանակում է, որ միջազգային կապիտալի շուկայում մեր տնտեսության արժութային ռիսկերը ներկայումս բարձր չեն գնահատվում»,-հայտնում են ԿԲ-ից:


Գլխավոր դրամատնից նկատել են, որ սրան զուգահեռ, բնականաբար, ՀՀ-ում փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն է ունեցել ապագա տնտեսաքաղաքական հեռանկարների վերաբերյալ ձևավորված անորոշությունը։ Փոխարժեքի զարգացումները, ի թիվս այլ բազում գործոնների, մշտադիտարկվում են Կենտրոնական բանկի կողմից դրանց՝ գնաճի վրա ազդեցության տեսանկյունից։ ԿԲ-ից հիշեցրել են, որ վերջին տարիներին բանկի վարած հետևողական դրամավարկային քաղաքականության արդյունքում ներկայումս ունենք գնաճի ցածր և խարսխված մակարդակ (օրինակ՝ հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.3%):


«Այս պայմաններում, թե’ ներկայումս, և թե’ դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր առկա չեն։ Ավելին, ՀՀ ԿԲ-ն այսօր տիրապետում է լայն գործիքակազմի և նման ռիսկերի դրսևորման պարագայում անպայման կարձագանքի իր ողջ հիմնական գործիքակազմով՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,-վստահեցնում են ԿԲ-ից:


Գլխավոր դրամատնից, սակայն, նկատել են, որ տարբեր գործոնների ազդեցության ներքո, ներառյալ առանձին էներգակիրների և այլ միջազգային գների փոփոխությունները, հնարավոր են առանձին ապրանքատեսակների գների փոփոխություններ: ԿԲ-ից շեշտել են, որ պարտադիր չէ, որ դա ռիսկեր առաջացնի երկրում ընդհանուր գների կայունության տեսանկյունից։


«Պետք է արձանագրել նաև, որ ինչպես ցույց է տվել տարիների փորձը տարբեր տնտեսաքաղաքական զարգացումների պայմաններում արձանագրվել են տատանումներ (այդ թվում` փոխարժեքի), սակայն ԿԲ հետևողական գործողությունների արդյունքում մշտապես ապահովվել է գների կառավարելի ու ցածր մակարդակ և գործուն ու կայուն ֆինանսական համակարգ»,-եզրափակել են Կենտրոնական բանկից: