Բարձրագույն դատական խորհրդի նիստում նոյեմբերի 11-ին քննարկվել է խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը։ Խորհրդի անդամների հորդորով՝ նիստին մասնակցել է նաև Հայկ Հովհաննիսյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը: Բարձրագույն դատական խորհրդի նիստին շուրջ երկու ժամ քննարկվել են հրաժարականի պատճառները։ «Դատական բարեփոխումների համատեքստում պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, նրա կարծիքով, պետք է առաջնահերթություն տրվի: Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատական մարմինների համակարգի բյուջետային պլանավորման, Դատական դեպարտամենտի աշխատանքների կազմակերպման խորքային վերափոխումների անհրաժեշտության, էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, գործերի` ըստ տեսակի և բարդության միջին ուղենիշային ժամկետների սահմանման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև դատավորների ներգրավվածության մեծացման և հանրության հետ նրանց շփումների կազմակերպման հարցերը»,- նշված է հաղորդագրության մեջ: Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում ԲԴԽ-ի նիստին ներկա բոլոր անդամները կարևորել են առաջ քաշված խնդիրների խորքային և առաջնային բնույթը։ Նշվել է, որ արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևոր է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի խորհրդում իր աշխատանքներն իր գործընկերների հետ միասին: Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները հորդորել են իրենց գործընկերոջը չպնդել հրաժարականի դիմումը՝ ծավալված քննարկումների արդյունքում հաշվի առնելով, որ դատական համակարգի արմատական բարեփոխումների հարցում հիմնական տեսակետների շուրջ չկան էական տարաձայնություններ: Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել: Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից: Վերջինս 2018 թվականի փետրվարի 28-ին է ընտրվել ՀՀ Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ: