Բանակն ուժեղ կանգնած է, ուրեմն ոստիկանությունը չի կարող թպրտալ. Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Բաղրամյան պողոտայում երթից առաջ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի երկրորդ հենարանը, որը դեռ կա, ոստիկանությունն է։
Նա նշել է, որ բանակի ղեկավարին պաշտոնից ազատելու դեպքում, բանակը չի ենթարկվի, այլ կընդվզի: «Բանակը կընդվզի, ես կոչ եմ անում, որ ընդվզի։ Ոնց կարող է բանակը ենթարկվի երեկ չէ առաջին օրվա թղթակիցին՝ ոչնչից չհասկացող», - ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ բանակի հետ են, «մինչև վերջ պաշտպանելու ենք մեր բանակին, բանակը մինչև վերջ պաշտպանելու է մեր ժողովրդին»։
Նիկոլ Փաշինյանի երկրորդ հենարանը, կարծում է նա, ոստիկանությունն է։ «Եթե բանակն ուժեղ կանգնած է, ոստիկանությունը չի կարող թպրտալ։ Ես ճանաչում եմ ոստիկանության շատ արժանապատիվ սպաների, նրանք բոլորը դեմ են։ Երբեմն վախենում են, որ իրենց աշխատանքից հանեն, ոմանք ինքնուրույն են դուրս գալիս», - նկատեց նա։
«Ես պարտավորվում եմ, որ բոլոր նրանց, որոնք քաղաքական պատճառով հեռացվել են աշխատանքից կամ իրենք են հեռացել, կվերականգնվեն աշխատանքի։ Մենք թույլ չենք տա քաղաքական հետապնդումներ»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։