8.07.2025
Վարչապետի ուղերձի կադրերի արտահոսքը տեղեկատվական անվտանգության խնդիր է. Մակունց
20.04.2020
Վարչապետի ուղերձի կադրերի արտահոսքը տեղեկատվական անվտանգության խնդիր է. Մակունց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի նախապատրաստական կադրերի արտահոսքը, առաջին հերթին, տեղեկատվական անվտանգության խնդիր է: Այս մասին ապրիլի 20-ին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրա խոսքով, տեղի ունեցածն անընդունելի է «Իմ քայլը» խմբակցության համար և «մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենը ունենալու է հետևանքներ»։ «Սա, առաջին հերթին, տեղեկատվական անվտանգության խնդիր է», - ասաց նա՝ հավելելով, որ ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, կարող էր հնչել արտահայտություն կամ նախադասություն, որը կարող էր դառնալ կարևորագույն խնդիր ՝ զուտ անվտանգության տեսնակյունից ։ «Եթե կարճ ժամանակահատվածում տեղի ունեցածի համար պատասխանատու անձինք պատասխանատվություն չկրեն, «Իմ քայլը» պատրաստվում է Հանրային հեռուստառադիոընկերության (ՀՀՌԸ) խորհրդին հրավիրել խմբակցություն և ոչ միայն պահանջել, հորդորել, որ նման դեպքերը բացառվեն հետայսու, այլև զբաղվեն նաև պատասխանատվության առումով, թե ովքեր են ներգրավված եղել», - ասաց նա: Նա առաջ քաշվող վարկածների չանդրադարձավ՝ արդյոք ոչ պրոֆեսիանլիզմի դրսևորում էր, թե դիտավորություն։ «Դա այս պահին մեզ քիչ է մտահոգում»,- շեշտեց Մակունցը։ Լիլիթ Մակունցը նաև անդրադարձավ կարծիքներին, որ վարչապետի մամուլի խոսնակը կրում է պատասխանատվություն և պետք է պարզաբանումներ տա։ «Ես այդ կարծիքը չեմ կիսում, որովհետև վարչապետի մամլո խոսնակը ունի հստակ պատասխանատվության չափ և պարտականությունների ցանկ, որոնց մեջ չի մտնում հեռարձակման տենխնիկական նրբություններին տիրապետելը։ Հեռարձակման տեխնիկական նրբությունների մասին տեղեկացնում է հենց այն անձնակազմը, որը իրականացնում է։ Եվ ի վերջո, յուրաքանչյուր հաստիք, յուրաքանչյուր աշխատակից, պաշտոնյա ունի պատասխանատվության իր եզրերը, սահմանները, և յուրաքաչյուրը պատասխանատու է հենց այդ գծով»,- ասաց նա։ Նշենք, որ ապրիլի 17-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի նախապատրաստման կադրերը հայտնվել էին համացանցում, առիթ տվել տարաբնույթ մեկնաբանությունների։ Արտահոսած կադրերից անհայտ օգտատերը պատրաստել էր ծաղրական հոլովակ և տարածել Ֆեյսբուքում։