12.11.2025
Արցախում կներդրվեն աջակցության նոր մեխանիզմներ տնտեսվարողներին
24.07.2020
Արցախում կներդրվեն աջակցության նոր մեխանիզմներ տնտեսվարողներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ տնտեսվարողներին ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, Նախագահի գլխավոր խորհրդական Արթուր Աղաբեկյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Էռնեստ Գրիգորյանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Հրանտ Սաֆարյանը։ Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ այսօր Հանրապետության տնտեսության առջև ծառացած են մի շարք մարտահրավերներ, որոնցից ամենահրատապը COVID-19-ի հետևանքով առաջացած արտահանման և ներքին սպառման հետ կապված խնդիրներն են։ Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը պետք է առաջին հերթին նպաստեն երկրի տնտեսության ակտիվացմանը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մշակել նոր գործիքակազմեր, որոնց հիմքում կդրվեն արդյունավետության, թափանցիկության, հասցեականության և ներառականության սկզբունքները։ Նախագահը հանձնարարել է պատասխանատու կառույցների ղեկավարներին ուսումնասիրել և հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներկայացնել աջակցության ավելի երկարաժամկետ ու արդյունավետ ծրագրեր առավել խոցելի տնտեսվարող սուբյեկտների ու բնագավառների համար: Երկրի ղեկավարը նշել է, որ տնտեսության կայուն զարգացման շրջանակներում առաջիկայում համապատասխան աշխատանքներ կտարվեն նաև այն տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք չեն օգտվում պետական աջակցության ծրագրերից։