Մեղադրանքներ և առերեսման կոչ. Թուրքիան անձագանքեց Սենատի ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
ԱՄՆ-ի Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը մեծ հնչեղություն է ստացել Թուրքիայում: Թեմային անդրադարձել են թե՛ թուրք փորձագետները, թե՛ երկրի բարձրաստիճան պաշտանյաները: Վերջիններս Սենատի որոշումը դատապարտող հայտարարություններ են անում։
ԱՄՆ սենատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Այն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը՝ մերօրյա վայրագությունները կանխելու նպատակով։
Առաջիններից մեկն այս բանաձևին արձագանքեց անվանի թուրք պատմաբան և ցեղասպանագետ Թաներ Աքչամը: Նա ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշման կայացումից հետո այդ լուրով կիսվել է «Facebook» սոցիալական ցանցում։ Հրապարակմանը կից Աքչամը հետևյալ գրառումն է կատարել․
«ԱՄՆ Կոնգրեսից հետո Սենատն էլ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը։ Սա պատմական որոշում է։ Ոչ միայն հայերի համար, ողջ Թուրքիայի մարդկության համար էլ սա կարող է շրջադարձային կետ լինել։
Որոշ տեղեր գրում են, թե որոշումը դեռ պետք է հաստատման ուղարկվի և նման բաներ։ Բայց սա հաստատման ենթակա որոշում չէ։ ԱՄՆ կառավարության երեք կարևոր սյուներից երկուսը՝ Կոնգրեսն ու Սենատը, արդեն ճանաչել են Ցեղասպանությունը։ Եվ եթե անգամ Թրամփը պաշտոնապես չօգտագործի ցեղասպանություն բառը, միևնույնն է, իրավաբանության տեսակետից արդեն կարող ենք ասել, որ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը տարբերվում է այլ երկրների ճանաչումից։ Կարելի է ակնկալել, որ ԱՄՆ դատարաններում արդեն մեկը մյուսի հետևից դատական գործեր կհարուցվեն, որոնք Թուրքիայի համար շատ գլխացավանք կստեղծեն։
Տեսնենք, թե Թուրքիան ինչպես կարձագանքի»։ Թուրքիայի պաշտոնական անձագանքը չուշացավ: Այն դատապարտող էր:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը առաջինն է արձագանքել ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի երեկվա որոշմանը, որը նշվել է որպես արձագանք Թուրքիայի նախագահականից:
Այս մասին նա թվիթերյան իր էջում գրել է, որ «Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչող ԱՄՆ բանաձևը կարող է երկու երկրների միջև լուրջ տարաձայնությունների պատճառ դառնալ», բացի այդ, ըստ Ալթունի, բանաձեւի ընդունումը վտանգում է իրենց երկկողմ հարաբերությունները:
«Պատժամիջոցները եւ սպառնալիքները չեն կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ազգային անվտանգության շահերից: Այդ բանաձևերը պատմության մեջ կմնան որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների՝ Թուրքիայի դեմ ուղղված անմիտ ու անհոգ գործունեության պտուղ: Եվ զգալի ու երկարատեւ վնաս կհասցնի երկու երկրների փոխհարաբերություններին»,-նշել է պաշտոնյան, գրում է armtimes.com-ը:
նա նաեւ հիշեցրել է, որ պատմական ճշմարտությունը աշխարհին ցույց տալու համար Թուրքիան մտադիր է միջազգային պատմաբանների խումբ ստեղծել, որովհետեւ «պատմությունը չպետք է բաժանի ազգերին, այլ հակառակը՝ պետք է միավորի»:
Թուրքիայի նախագահի սշխատակազմից արձագանքել է նաեւ Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը։ Նա գրել է, որ այս որոշումը քաղաքական, տնտեսական, ռազմական, ոլորտում Թուրքիայի վճռական դիրքորոշման վրա ոչ մի կերպ ազդեցություն չի կարող ունենալ։
Թուրքիայի նախագահականից հետո չուշացավ նաև ԱԳՆ արձագանքը։ ԱՄՆ Սենատի որոշմանը արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։ Նա թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ասելով.
«ԱՄՆ-ի սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք և ուժ չունի։ Նրանք ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակներով՝ վախկոտներ են, ովքեր չեն ցանկանում առերեսվել պատմության հետ»։
Արձագանքել է նաև Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա նշել է, որ այս որոշումը « թե քաղաքական, թե տնտեսական, ռազմական, ոլորտում Թուրքիայի վճռական դիրքորոշման վրա ոչ մի կերպ ազդեցություն չի կարող ունենալ», գրում է ermenihaber-ը։
Սենատի որոշման մասին պաշտոնական հաղորդագրությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, կրկնվում են ԱԳ նախարարի խոսքերն այն մասին, որ որոշումն իրավական ուժ չի կարող ունենալ: Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի Սենատի որոշումը որակել է որպես «պատմությունը քաղաքականացնելու ամոթալի օրինակ»:
«Միացյալ Նահանգների սենատը ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը թիրախավորող ավերիչ որոշում է կայացրել: Տարածաշրջանում իր կենսական շահերը պաշտպանելու համար Թուրքիայի մղած պայքարը շարունակվելու է՝ առանց ենթարկվելու այսպիսի անարդար ու անմիտ որոշումների ազդեցությանը»,-նշված է արտաքին գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ չի մեկնաբանել Սենատի որոշումը: Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ-ի Կոոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընունումը Էրդողանը որակել էր որպես անհեթեթ քայլ, որը ստվեր է նետում 2 երկրների հարաբերությունների վրա: