Անթույլատրելի է, որպեսզի որոնողական աշխատանքները կանգ առնեն, հայկական ոկղմը պետք է Ադրբեջանից հիմնավորումներ պահանջի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Լուսավոր Հայաստան" խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: "Այսօր Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել, որ ադրբեջանական կողմը արգելում է իրականացնել փրկարարական-որոնողական աշխատանքները, որոնք մեկնարկել էին հրադադարից հետո և երբևէ չէին ընդմիջվել տևական ժամանակով։ Անթույլատրելի է, որպեսզի այդ աշխատանքները կանգ առնեն, որովհետև ցանկացած հապաղում ոչ նպաստավոր պայմաններ է ստեղծում զոհերի աճյունները փնտրելու և գտնելու համար։ Զոհերի ընտանիքները չպետք է զրկվեն իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկանալու իրավունքից։Հայկական կողմը պետք է հիմնավորումներ պահանջի Ադրբեջանից, թե ինչու են խոչընդոտում այդ աշխատանքներին, հակառակ դեպքում ենթադրվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ միտում ունի անպատժելիորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը և փորձել օգուտներ կորզել դրանից",- գրել է նա։ VERELQ-ը հիշեցնում է, Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն այսօր հայտարարեց, որ փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով: Մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ: