Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել միջազգային ջանքերին. ԱԳՆ
Հունիսի 30-ին կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի առցանց հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը։
Իր ելույթում Արման Խաչատրյանն անդրադարձավ նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած լայնածավալ միջոցառումներին, որոնց կիզակետում են տնտեսության առավել տուժած ոլորտներն ու առավել խոցելի սոցիալական խմբերը: Կարևորվեց տնտեսական աճը խթանող տարածաշրջանային համակարգված գործողությունների, նորարարական և կայուն զարգացման, մրցակցության խթանման անհրաժեշտությունը:
Արման Խաչատրյանն անդրադարձավ նաև գլոբալ համավարակի պայմաններում նախորդ տարի Ադրբեջանի կողմից Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային և դրա հետևանքներին: Մասնակիցներին ներկայացնելով Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների բացահայտ խախտումները` ընդգծվեց, որ Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ պահվածքը շարունակում է վտանգել տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը: Շեշտվեց, որ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել պատերազմի հումանիտար հետևանքների վերացմանն ուղղված միջազգային ջանքերին՝ ի թիվս այլի գերության մեջ պահելով հայ զինծառայողներին ու պատանդառված քաղաքացիական անձանց:
Առցանց հանդիպման ընթացքում ընդգծվեց նաև միակողմանի հարկադրանքի միջոցների և շրջափակման անընդունելիությունը, ինչը խոչընդոտում է տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը և առևտրի դյուրացմանը՝ որպես ՍԾՏՀ հիմնական նպատակների:
Նիստի արդյունքներով՝ ՍԾՏՀԿ-ում նախագահությունը փոխանցվեց Վրաստանին, իսկ Հայաստանը ստանձնեց ՍԾՏՀԿ էներգետիկայի աշխատանքային խմբի երկամյա համակարգումը։