5.11.2025
Ավելի քան 25 համայնք ու 150 բնակավայր. Ապարանը ևս պահանջում է Փաշինյանի հրաժարականը
08.12.2020
Ավելի քան 25 համայնք ու 150 բնակավայր. Ապարանը ևս պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Ավելանում է Հայաստանի քաղաքների ու համայնքների թիվը, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այսօր այդ պահանջին են միացել Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի վարչական ղեկավարները: Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է. "Սիրելի՛ հայրենակիցներ. Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է։ Հայրենիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան և չլուծված։ Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերիվարվածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնք չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն անգործության է մատնված։ Յուրաքանչյուր րոպեն թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ գործող իշխանությունն անկարող է չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Մեր պահանջը քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգության ապահովման հարցն է, որը վաղը կարող է շատ ուշ լինել: Ուստի, հրատապ անհրաժեշտություն է ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը պետք է գործի երկիրն աղետալի վիճակից հանելու վճռականությամբ։ Այսպիսով, պետք է բոլորս ոտքի կանգնենք և ոչ ասենք այս կործանարար իրավիճակին"։ Բացի այս, հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանին ևս հայտարարություն է տարածել՝ պահանջելով կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։   VERELQ-ը հիշեցնում է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են ՀՀ 4 մարզերի ավելի քան 25 համայնքներ ու 150 բնակավայրեր: Դրանց շարքում են Սիսիանը, Մեղրին, Կապանն ու Սյունիքի բոլոր համայնքները, Աբովյանը, Դվինը, Քասախը և այլք: