Շիրակի մարզում Սիբիրյան խոցի դեպքեր են արձանագրվել․ 7 մարդ հոսպիտալացվել է
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել: Սիբիրյան խոցի ախտանշաններով երեկ՝ հունիսի 30-ին, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի 5 բնակիչ, հայտնում է SHANTNEWS-ը:
Այսօր, հուլիսի 1-ին, ևս երկու մարդու մոտ նույն ախտանշաններն են հայտնաբերվել: Իսահակյան գյուղում մանր և խոշոր եղջերավոր անասունների անկումների վերաբերյալ ահազանգեր է ստացել ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղը։
ՀՎԿԱԿ «Շիրակ» կենտրոնի, Աղինի առողջության կենտրոնի, Մարալիկի բժշկական կենտրոնի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբանների համատեղ խումբը գյուղում շրջայցի ընթացքում հայտնաբերել է, որ մորթ իրականացրած 5 տղամարդիկ և հիվանդ կենդանու միսը մշակման ենթարկած երկու կանայք վարակվել են սիբիրախտով: Նրանք այժմ համապատասխան բուժում են ստանում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
«Հունիսի 30-ին ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք Իսահակյան գյուղի բնակիչներ են: Այսօր ևս երկու քաղաքացի է ընդունվել: 5 տղամարդ և 2 կին է այժմ հոսպիտալացված: Հիմնականում մորթ անողներն են: Կանանցից մեկը միսը գնել է հարևանից: Մաշկային ձևն է այստեղ դրսևորվել: Վերքեր են հիվանդների մարմնի տարբեր հատվածներում, սակայն հիվանդները չեն ջերմել, վիճակները կայուն է: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը:
Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանն էլ փոխանցեց, որ գյուղում մեկ տասնյակից ավելի խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ են անկել: Իսկ այսօր ամբողջ գյուղի գլխաքանակը սիբիրախտի դեմ պատվաստվել է:
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել է սիբիրյան խոցի հայտնաբերման մասին Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում: Այդ համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել է նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը, հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։