Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն հստակ պատկերացում չունի երկրի տնտեսության վրա տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավոր ազդեցության մասին։ Այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ սահմանների ապաշրջափակման հարցը ներկայումս քննարկման փուլում է, սակայն պատկերը դեռ պարզ չէ: «Այս փուլում դժվար է որևէ հաշվարկ անել, քանի որ մենք չգիտենք, թե որտեղից են բացվելու սահմանները, ինչ հնարավորություններ են տրվելու», - ասաց նա: Մեկնաբանելով այն հարցը, թե ինչ փուլում են գտնվում եռակողմ միջգերատեսչական հանձնաժողովում հաղորդակցության ապաշրջափակման հարցը, Հովհաննիսյանը նշել է, որ լիազորված չէ պատասխանել նման հարցերին: