Բազմակողմանի ուսումնասիրություններից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եկել է այն եզրակացության, որ Հայաստանի Սյունիքի մարզում պետք է ստեղծվի 5-ից 7 կիլոմետր երկարությամբ ապառազմականացված գոտի: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա նշեց, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կրակել ՀՀ Սյունիքի մարզի խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ։ «Մասնավորապես, վերջին օրերին նույնպես ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Ներքին Հանդ, Ագարակ ու Եղվարդ և մի շարք այլ գյուղերի հարևանությամբ», - ասաց Թաթոյանը։ Նա նաև նշեց, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակում են կալաշնիկով տեսակի, ինչպես նաև խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից: Այլ զինատեսակներ ևս կիրառվում են: