Ադրբեջանն ազատ է արձակել իրանական բեռնատարների երկու վարորդների, որոնք ձերբակալվել էին սեպտեմբերին Գորիս-Կապան ճանապարհին և հանձնել Իրանին: Այս մասին հայտնում է Sputnik՝ վկայակոչելով երկրի պետական մաքսային ծառայությանը։ Ադրբեջանցի ոստիկանները Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին սեպտեմբերի 15-ին ձերբակալել են բեռնատարների իրանցի երկու վարորդների: Նրանց մեղադրել են Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու մեջ։ Մինչ այդ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում ոստիկանական պահակակետեր էր տեղադրել։ Ադրբեջանցիները ստուգում են այդ ճանապարհով ընթացող իրանական բեռնատար մեքենաները՝ վարորդներից պահանջելով վճարումներ։ Այդ պահից սկսած Թեհրանի և Բաքվի հարաբերությունները կտրուկ վատթարացան։ Հատկանշական է, որ իրանական Mehr գործակալությունը հոկտեմբերի 20-ին հայտնել էր այդ երկրի տրանսպորտային ընկերություններին Ղարաբաղ եւ Լաչինի շրջան մուտք գործելու արգելքի մասին։ Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ Իրանի միջազգային փոխադրումների վարչության տնօրեն Մոհամմադ Ջավադ Խեդայաթին հատուկ ուղերձ է հղել միջազգային տրանսպորտային ընկերությունների արհմիություններին: Մասնավորապես, ուղերձում հիշատակվում է Հայաստանի տարածքով Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի շրջաններ մուտքի արգելքը։ Արգելվում է նաեւ Ղարաբաղի հետ ցանկացած առեւտրային համաձայնագրի ստորագրումը եւ այդ տարածաշրջան ուղեկցող փաստաթղթերի տրամադրումը տրանսպորտային ընկերություններին, ասված է հաղորդագրության մեջ: Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ այդպիսով Թեհրանը հաշվի է առել Բաքվի պահանջները, ինչն ավելի վաղ չէր ցանկանում անել: