26.11.2024
ՀՀ պարենային անվտանգության խնդիրները գործադիրի վերահսկողության տակ են․ նախարար
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ն ողջունում է Արցախում մշակութային ժառանգության վերաբերյալ բանաձևի ընդունումը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է և խորապես գնահատում է «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևի գրեթե միաձայն ընդունումը և դրանով իսկ Եվրոպական խորհրդարանի գործընկերների վճռական դիրքորոշման արտահայտումը:


Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշեց, որ բանաձևի քվեարկությանը նախորդած քննարկում-բանավեճի ընթացքում իրենց ելույթներում Եվրոպական խորհրդարանի անդամները խորը մտահոգություններ են հայտնել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման կապակցությամբ և ընդգծել Ադրբեջանի կողմից վարվող այսպես կոչված «աղվանականացման» քաղաքականության անթույլատրելիությունը։


Բանաձևում ոչ միայն անդրադարձ է կատարվում 2020թ. ռազմական գործողությունների ընթացքում հայկական եկեղեցիների ռմբակոծման կոնկրետ փաստերին և զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հետքի ոչնչացմանն ու պատմամշակութային հուշարձանների վերափոխմանն ուղղված քաղաքականությանը, այլև Նախիջևանում կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացմանը։


Բանաձևում կոչ է արվում Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դեպքերը կանխելու և նման գործողություններ իրականացնողներին պատժելու ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվում նաև հայկական մշակութային կոթողների «աղվանականացման» նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու ադրբեջանական կողմի որոշմանը և խնդրո առարկայի վերաբերյալ երկրի մշակույթի նախարարության հայտարարությանը։


Ընդգծվում է Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անխափան մուտքի ապահովման կարևորությունը՝ Ադրբեջանին կոչ անելով պահպանել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները։ Բանաձևի մշակման գործընթացին ակտիվորեն ներգրավված էին Եվրոպական խորհրդարանի գրեթե բոլոր խմբակցությունները, որոնց միջև հարցի շուրջ լայն կոնսեսուսի ձևավորումն ապահովեց նման բովանադակությամբ և ձայների գերակշիռ մեծամասնությամբ բանաձևի ընդունում, ինչը բացառիկ երևույթ էր վերջին տարիներին Եվրոպական խորհրդարանում կայացած քվեարկությունների համար։


«Մենք ողջունում և խորապես գնահատում է սույն բանաձևի գրեթե միաձայն ընդունումը և դրանով իսկ Եվրոպական խորհրդարանի գործընկերների վճռական դիրքորոշման արտահայտումը, ինչը կարող է կարևոր լինել հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու և վերջինիս գործուն աջակցությամբ պատմամշակութային կոթողների ոչնչացման, պղծման և վերափոխման հարցերի բարձրաձայնմանն ուղղված մեր աշխատանքներում»,- ընդգծեց փոխնախարարը։