Ազգային ժողովի կառավարող «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի պաշտոնում որոշել է առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը։ Այդ մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Այօր ավելի վաղ Գագիկ Ջհանգիրյանը «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ եթե իշխանական խմբակցությունն ԲԴԽ անդամի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու որոշում կայացնի, ինքը կընդունի այդ առաջարկը։ «Հանդիպումից հետո խմբակցությունը խորհրդակցեց և որոշեց առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին որպես ԲԴԽ թեկնածու», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Սահմանադրության և կանոնակարգ օրենքի համաձայն իրավաբան-գիտնականը որևէ այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու բացի խմբակցությունների կողմից առաջադրվելուց։ Ավելի վաղ հայտարարել էր Ջհանգիրյանը: «Քանի որ թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չի, որ ձայները չեն բավարարելու, որովհետև 3/5-րդ է պահանջվում ընտրության համար, բնականաբար, ես համաձայնել եմ թվապես մեծամասնության խմբակցության կողմից առաջադրվելուն: Բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, գնում եմ մասնագիտական աշխատանքի: Ուրախ կլինեմ, որ այսօրևեթ ԲՀԿ-ն ԼՀԿ-ն եւս ինձ առաջադրեն, մեծ սիրով կհամաձայնեմ իրենց կողմից ևս առաջադրվելուն, որովհետև որևէ սահմանափակում չկա, թե քանի խմբակցություն կառաջադրի», - ասել էր նա: