Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը նոր խթան կդառնա երկկողմ կապերին
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեի գլխավորած պատվիրակությանը։
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել հայ-վրացական համագործակցությունը։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ հատկապես էներգետիկայի բնագավառում համագործակցությանը։ Այդ ուղղությամբ, նախարարի խոսքով, առկա է մեծ ներուժ, որը հնարավոր կլինի ամբողջությամբ կիրառել, երբ կառուցվեն համապատասխան ենթակառուցվածքներ։ Մասնավորապես Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը նոր խթան կհանդիսանա էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնման և տարածաշրջանային մակարդակով փոխգործակցության զարգացման համար:
Նախարարը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին նախորդ տարի Հայաստանի Հանրապետություն էլեկտրաէներգիայի մատակարարման համար, երբ Հայկական ատոմային էլեկտրակայանը, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, կանգ էր առել։
Ռոմեո Միկաուտաձեն իր հերթին կարևորել է էներգետիկ ոլորտում հայ-վրացական արդյունավետ համագործակցությունը։
Փոխնախարարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից էլ Վրաստանը նույնպես անցում է կատարում էներգետիկ շուկայի ազատականացման և հույս է հայտնել, որ այս հարթակում համագործակցությունը Հայաստանի հետ ևս հաջողված կլինի։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։