24.11.2024
Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը նոր խթան կդառնա երկկողմ կապերին
prev Նախորդ նորություն

Դատախազությունը բացատրել է` ինչու չի առարկելու Պատրոն Դավոյի ազատ արձակման դեմ

Հայաստանի գլխավոր դատախազությունը չի առարկել ամբաստանյալ Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավոյի) նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ, քանի որ վերջինս վերականգնելու է մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը:


Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում է գրել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` մեկնաբանելով Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոփոխելու և գրավի դիմաց ազատ արձակելու մասին լուրը:


«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022թ․ մարտի 14-ի որոշմամբ փոփոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 50 մլն ՀՀ դրամ գրավը։


Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ, մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել», - ասված է Գոռ Աբրահամյանի գրառման մեջ։



VERELQ-ը հիշեցնում է, Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» ազատ արձակվեց 50 միլիոն դրամ գրավով։


Նշենք, որ Գալստյանն անցնում է Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործով, որը վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն: Գործով կալանավորված են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Ավետիք Իշխանյանը։


Օրերս մամուլը գրել էր, որ Դավիթ Գալստյանը գործարք էր առաջարկել՝ ասելով, որ եթե ԶՈւ-ին վաճառած հրթիռը անորակ է, ապա թող հետ տան իր հրթիռները, ինքը պետությանը հասցված վնասը կփոխհատուցի: