Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօր, հունվարի 25-ին, հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, կողմերը կարևորել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման նոր առաքելություն տեղակայելու վերաբերյալ որոշումը՝ նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը։ Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով և հռետորաբանությամբ խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։