Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 16-ին աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքներին: Ըստ աղբյուրի՝ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերջին զարգացումները: Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացմանն առնչվող հարցեր: