ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը մտնում է «ծանր փակուղի», որը կարող է մի շարք ծանր հետևանքներ ունենալ երկրի համար։
Նրա խոսքով՝ իշխանությունն ամեն ինչ անում է Հայաստանում ռուսական ազդեցությունը զրոյացնելու, այդ թվում՝ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու և այն «թուրքականով փոխարինելու» ուղղությամբ։
«Ակնհայտ է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ռուսական բազան Հայաստանից դուրս գա։ Նիկոլ Փաշինյանը պարտավորություն ունի ռուսական ազդեցությունը Հայաստանում զրոյացնելու, այդ թվում նաև ռուսական բազան Հայաստանից հանելու, այն թուրքականով փոխարինելու համար։ Տեղի է ունենում այդ պրոցեսը»,– ասել է Սաղաթելյանը։
Անդրադառնալով Ռուսաստանի արձագանքին՝ ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ, իր գնահատմամբ, Մոսկվայի ուղերձը հստակ է՝ եթե Հայաստանը փորձում է ռուսական ռազմաբազայի հարցը օգտագործել որպես շանտաժի գործիք, ապա Ռուսաստանը կարող է պարզապես դուրս բերել այն։
Սաղաթելյանը որպես օրինակ հիշատակել է Վրաստանը, որտեղից, նրա խոսքով, ռուսական ռազմաբազաները դուրս են բերվել «մեկ օրում»։
«Իմաստը որն է երկիրը քաշքշել նոր, ավելի ծանր, մասշտաբային արկածախնդրության մեջ։ Մի բանի համար ինքը ունի պարտավորություն և ցանկանում է այդ պարտավորությունները իրականացնել, իսկ դրա համար մենք գին ենք վճարում»,– ասել է նա։
Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի հետ հարաբերություններում հնչեցվող ուղերձներին՝ Սաղաթելյանը նշել է, որ, իր գնահատմամբ, Մոսկվան հարցերը ներկայացնում է ոչ միայն Փաշինյանի իշխանությանը, այլև Հայաստանի ժողովրդին։
Նրա խոսքով՝ հանրաքվեի վերաբերյալ հնչող ուղերձներում շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, որ վերջնական ընտրությունը պետք է կատարի հայ ժողովուրդը։
Սաղաթելյանը հարցադրում է արել՝ արդյոք դա նշանակում է, որ Ռուսաստանը Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը չի ճանաչում և փորձում է համապատասխան մանդատը ստանալ անմիջապես ժողովրդից։
«Այն, որ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ մեր ժողովրդի մեծամասնության կողմից այս թշնամական օրակարգը սպասարկելու և իրականացնելու, դա ակնհայտ է։ Եվ այո, նաև միջազգային հանրությանը, այդ թվում նաև աշխարհաքաղաքական կենտրոններին, հետաքրքրում է՝ սա Նիկոլ Փաշինյանի տեսակետն է, թե ողջ հայ ժողովրդի»,– ասել է նա։
Սաղաթելյանի պնդմամբ՝ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանի ամբողջ ժողովրդին և չունի մեծամասնության կողմից տրված մանդատ՝ իր կողմից իրականացվող քաղաքականությունն առաջ տանելու համար։