3.09.2026
Լուսանկարը` sputnik
prev Նախորդ նորություն

Երևանը դեմ չի լինի ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը. Նիկոլ Փաշինյան

Լուսանկարը` armenpress.am
Լուսանկարը` armenpress.am

Հայաստանի իշխանությունները 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն չեն համարում և չեն առարկի, եթե Մոսկվան որոշի այն դուրս բերել երկրի տարածքից։


Կառավարությունում սեպտեմբերի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պաշտոնական Երևանն այս հարցը երբևէ չի բարձրացրել։ «Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել», - նշել է կառավարության ղեկավարը։


Վարչապետի այս արձագանքը հաջորդում է սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությանը. «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսաստանյան ռազմաբազան իրեն պետք չէ, մենք հենց վաղը կհեռանանք... Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու»։


Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին սպառնալիքները զսպելու նպատակով Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի պայմանագրի ժամկետը 2010 թվականին երկարաձգված է մինչև 2044 թվականը։


Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ Փաշինյանը տեղեկացրել է Մոսկվա կատարելիք առաջիկա աշխատանքային այցի մասին, որի նպատակը հայ-ռուսական հարաբերությունների համապարփակ գույքագրումն է՝ հասկանալու համար, թե գործնականում որ ոլորտներում են երկրների դիրքորոշումները համընկնում կամ տարամիտվում։


Վարչապետը խոսել է նաև նոր ատոմակայանի կառուցման հեռանկարներից՝ հայտնելով, որ սեպտեմբերին նախագծային առաջարկներով սպասվում է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի այցը։


Կառավարության ղեկավարը շեշտել է, որ ԱԷԿ-ի հարցում որոշումը հիմնված է լինելու բացառապես գին-որակ լավագույն հարաբերակցության, այլ ոչ թե աշխարհաքաղաքական նախասիրությունների վրա։

Լուսանկարը` hetq.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
03.09.2026
«Ես ՀԽՍՀ կոմկուսի առաջին քարտուղարը չեմ». Փաշինյանը հեգնել է ՌԴ ճնշումների մասին լուրերը