Հայաստանն ՕՊԵԿ-ից 80 մլն եվրո կստանա բարեփոխումների համար
Լուսանկարը` sputnik
Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 3-ի նիստում հաստատել է ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի հետ վարկային համաձայնագիրը, որով երկիրը կստանա 80 միլիոն եվրո։ Ֆինանսական այս փաթեթն ուղղվելու է պետական բյուջեի պակասուրդի ծածկմանն ու երկրում ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումների իրականացմանը։
Կառավարության որոշման պաշտոնական հիմնավորման մեջ շեշտվում է, որ համաձայնագրի գլխավոր նպատակն է «երկրում մրցակցային միջավայրի բարելավումը, ներդրումների ներգրավումը և պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը»:
Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ընդունվել են ներդրումների և կիբեռանվտանգության վերաբերյալ օրենքներ, մաքսային ոլորտում ներդրվել է միասնական հաշվի համակարգ, ինչպես նաև ընդլայնվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները։ Բացի այդ, ֆինանսավորումը կնպաստի կանաչ տնտեսությանն անցմանը, կլիմայական օրենսդրության կատարելագործմանն ու արտանետումների արդյունավետ կառավարմանը։
Նախագծով սահմանված է, որ վարկային միջոցները պետք է օգտագործվեն մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ը։ Վարկը Հայաստանին տրամադրվում է 18 տարի մարման ժամկետով, որից առաջին 5 տարին՝ արտոնյալ պայմաններով։
Գործելու է լողացող տոկոսադրույք՝ բաղկացած վեցամսյա EURIBOR-ից և 1,56 տոկոս հավելավճարից, ինչը 2026 թվականի հուլիսի դրությամբ կազմել է տարեկան 4,241 տոկոս։ Մայր գումարի մարման գործընթացը կմեկնարկի 2031 թվականի հուլիսին և կավարտվի 2044 թվականի հունվարին։