3.09.2026
Լուսանկարը` armenpress.am
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իրանը կգործարկեն պարզեցված մաքսային միջանցք

Լուսանկարը` hetq.am
Լուսանկարը` hetq.am

Հայ-իրանական սահմանին բեռնափոխադրումների գործընթացն էականորեն կհեշտանա։ Կառավարությունը սեպտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել Թեհրանի կողմից առաջարկված համապատասխան արձանագրության ստորագրմանը, որը նպատակ ունի առավելագույնս բարենպաստ պայմաններ ստեղծել օրինապահ բիզնեսի համար։


Նոր համակարգը ենթադրում է բեռների, փոխադրամիջոցների և տնտեսվարողների մասին տվյալների նախնական էլեկտրոնային փոխանակում՝ նախքան մյուս երկրի տարածք մուտք գործելը։ Պարզեցված ռեժիմը կգործի կամավորության սկզբունքով և կկիրառվի բացառապես մաքսային խախտումների ցածր ռիսկայնություն ունեցող ընկերությունների նկատմամբ։


Այն կտարածվի կոմերցիոն նշանակության բոլոր ապրանքների վրա՝ բացառելով միայն անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները։


Նախաձեռնության առանցքային նպատակն է արագացնել մաքսային հսկողության ընթացակարգերը, կրճատել պահանջվող փաստաթղթերի ցանկն ու սահմանին սպասելաժամանակը։


«Միջանցքի լիարժեք գործարկումը հնարավոր կլինի Մեղրիի սահմանային անցման կետի ընթացող արդիականացման և շինարարության ավարտից հետո», - նշված է Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական գնահատականում:


Այս քայլն ուղղակիորեն բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, որի թիրախում Իրանի հետ տնտեսական կապերի խորացումն ու «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ձևավորումն է։


Նախագծի կարևորությունը փաստում են նաև առևտրաշրջանառության աճող ծավալները. եթե 2024 թվականին Իրանից ներմուծումը կազմել էր 635,4 մլն դոլար, ապա 2025-ին այն հասել է շուրջ 687 մլն դոլարի, իսկ 2026-ի միայն առաջին եռամսյակում արդեն արձանագրվել է 157,2 մլն դոլարի ներմուծում։

Լուսանկարը` makaryannews.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
03.09.2026
«Ես ՀԽՍՀ կոմկուսի առաջին քարտուղարը չեմ». Փաշինյանը հեգնել է ՌԴ ճնշումների մասին լուրերը