«Արձագանքը կլինի դաժան». Փաշինյանի խիստ զգուշացումը գործարար Նարեկ Նալբանդյանին
Լուսանկարը` makaryannews.am
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրականապես հերքել է իր ընտանիքի՝ խոշոր բիզնեսում ներգրավված լինելու մասին լուրերը՝ աննախադեպ կոշտ միջոցներ խոստանալով իր անունը շահարկողների նկատմամբ։
Սեպտեմբերի 3-ի կառավարության ճեպազրույցի ժամանակ գործադիրի ղեկավարը նաև կոչ է արել հանրությանը զրոյացնել տարածքային անկլավների հարցի շուրջ առկա լարվածությունը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք «Արարատցեմենտ» գործարանն (Իրականում «Հրազդանցեմենտ» գործարանն է ձեռք բերել այդ գործարարը) անցել է գործարար Նարեկ Նալբանդյանին, Փաշինյանն այդ տեղեկությունն անվանել է բացարձակ սուտ՝ ընդգծելով, որ ձեռնարկությունը շարունակում է մնալ պետության կառավարման ներքո։ Վարչապետը հայտնել է, որ արդեն իսկ հանձնարարել է իրավապահ մարմիններին վարույթ նախաձեռնել հիշատակված գործարարի գործունեության առնչությամբ։
«Ես սրտի օլիգարխ չունեմ։ Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություն ստեղծել, թե մեր ընտանիքի հետ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի ավելի քան դաժան և անհամաչափ»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ իր ընտանիքը որևէ բիզնեսում ֆորմալ կամ ոչ ֆորմալ փայաբաժին չունի։
Ճեպազրույցի երկրորդ հատվածը վերաբերել է Տիգրանաշենի (Քյարքի) ճակատագրին։ Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է, որի հաշվարկի մեջ Քյարքին և մյուս անկլավները երբևէ չեն եղել, ի տարբերություն Արծվաշենի։
Կառավարության ղեկավարը հորդորել է զերծ մնալ սահմանազատման հարցում ավելորդ էմոցիոնալությունից, որպեսզի արտաքին ուժերին Երևանի վրա ճնշում գործադրելու լծակներ չտրվեն։ «Ես հետապնդում եմ այս թեմայի շուրջ նյարդի զրոյացման խնդիր։ Երբ արտաքին աշխարհի համար ակնհայտ լինի, որ մեզ մոտ այս հարցում նյարդ չկա, հարցը սահմանազատման հանձնաժողովների շրջանակում կլուծվի հնարավոր լավագույն տարբերակով»,- եզրափակել է Փաշինյանը: