Երևանի մետրոն կդառնա շրջանաձև. ՀՀ-ն ու ՌԴ-ն քննարկում են նոր կայարանների կառուցումը
Լուսանկարը` armradio.am
Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ բանակցում են Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» նոր կայարանի կառուցմանը հնարավոր աջակցության շուրջ։ Մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի զարգացման մեծածավալ ծրագիրը ենթադրում է առնվազն չորս նոր կայարանի կառուցում, ինչը հեռանկարում թույլ կտա ստեղծել մետրոյի շրջանաձև երթևեկություն:
Ինչպես սեպտեմբերի 2-ի կառավարական ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական կողմն ակնկալում է օգտագործել մետրոշինության ոլորտում ռուս մասնագետների հարուստ փորձը։
«Իրենք մեծ փորձ ունեն այստեղ, և ուրախ կլինենք, որ իրենք այդ հարցում մեզ աջակցեն։ Մենակ Աջափնյակի մասին չէ։ Երևանի Մետրոպոլիտենի զարգացման նոր փուլի մեկնարկը մի կայարանով չի․․․ Այս պահին տեսադաշտում առնվազն չորս նոր կայարանի տեսլական կա, որ մետրոյի ճյուղն Աջափնյակով, Ակադեմիական քաղաքով գնա և կպնի "Չարբախ" կայարանին, և մենք մետրոյի շրջանաձև երթևեկության հնարավորություն ունենանք», - նշել է գործադիրի ղեկավարը։
Մետրոյի ընդլայնման նախագիծն արդեն թևակոխել է ակտիվ փուլ։ Ավելի վաղ՝ հուլիսի սկզբին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ «Աջափնյակ» կայարանի կառուցումն ստացել է կառավարության ֆինանսական հավանությունը։
Ըստ նրա՝ նախագծանախահաշվային փաստաթղթերն ամբողջությամբ պատրաստ են, իսկ ենթակառուցվածքային այս խոշոր փաթեթի իրականացման հստակ ձևաչափը կորոշվի մոտ ժամանակներս: