Աշխարհասփյուռ հայությունն այսօր հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: