ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ. "Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդառնալի կորուստներ: Ցավոք, բազմաթիվ ժողովուրդների, այդ թվում` հայերի համար սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը: Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, եւ մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսեւորում: Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի ու վերանա ժողովրդավարության, օրենքի գերակայության, պետականության եւ պետությունների ինքնիշխանության ճանաչման ու ազգային ամուր մտածողության շնորհիվ: Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու՝ իբրեւ ինքնիշխան պետություն, որն ի զորու է պաշտպանել սեփական ազգային շահերն իր մտածողությամբ, կրթվածությամբ եւ ստեղծարար աշխատանքով: Ցավը եւ վիշտը, որոնք կան յուրաքանչյուր հայի սրտում, պետք է վերածվեն մեր ազգային պետականության կենսական շահերի պաշտպանության եւ սեփական ճակատագրի առջեւ պատասխանատվության: Խաղաղությո՛ւն մեր անմեղ նահատակների հոգիներին":