27.11.2024
Լավրով. ԵԱՀԿ-ն կաջակցի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը
prev Նախորդ նորություն

ՌԴ-ը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան հանդես են եկել ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ

Վիեննայում մայիսի 16-ին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչության պատասխանատուները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարության տեքստը հրապարակված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրը՝ ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, հանդիպել են մայիսի 16-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով։ Այս մասին ասված է ԵԱՀԿ կայքում տեղադրված Սերգեյ Լավրովի, Ջոն Քերիի և Արլեմ Դեզիրի համատեղ հայտարարության մեջ:

Նրանք վերահաստատել են, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում: Համանախագահները հաստատել են 1994 և 1995 թվականների հրադադարի համաձայնագրերը հարգելու կարևորությունը:

«Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարությունում:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: