ԵՄ վիզաների ազատականացման հարցը շարունակում է մնալ ամենացավոտը. ԱԳ փոխնախարար
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման հարցը շարունակում է մնալ ամենացավոտ համագործակցային ոլորտը։ Ինչպես նշել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նիստում, Հայաստանի քաղաքացիների բողոքները վիզաների ստացման դժվարությունների վերաբերյալ չեն դադարում։
Հովհաննիսյանի խոսքով, ԵՄ-ի հետ բանակցությունները սկսվել են դեկտեմբերին, հաջորդ փուլը նախատեսվում է ապրիլին։ Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ գործընթացը սովորաբար տևում է երեքից վեց տարի։ Օրինակ, Մոլդովան վիզայի ազատականացմանն հասել է երեք-չորս տարում, Վրաստանը՝ հինգում, Ուկրաինան՝ ինը տարում, իսկ Թուրքիայի բանակցությունները տևում են արդեն ավելի քան տասը տարի։
Փոխնախարարը նշել է, որ Եվրահանձնաժողովը խուսափում է կոնկրետ ժամկետներ նշել, սակայն Հայաստանը լավ է պատրաստվել բանակցություններին և ակնկալում է ավելի արագ արդյունք։ Մինչ այդ, քաղաքացիները շարունակում են բախվել խնդիրների՝ ԵՄ երկրների դեսպանատներ դիմելու և ընդունելության օր ամրագրելու հարցում։ Շատերը ստիպված են լինում հավելյալ վճարումներ կատարել տուրիստական գործակալություններին՝ այդ գործընթացն ապահովելու համար։
Հովհաննիսյանը վստահեցրել է, որ ԵՄ-ի հետ բոլոր հանդիպումների ընթացքում հարցը անընդհատ բարձրացվում է, և չնայած դժվար է նշել հստակ տարեթիվ, ակնկալվում է, որ Հայաստանի համար գործընթացը կընթանա ավելի արագ, քան այլ երկրների դեպքում։