Վրաստանն երկու պահականավ է նվեր ստացել ԱՄՆ-ից

346

ԱՄՆ-ը Վրաստանին նվիրել է «Այլենդ» դասի երկու պահականավ, հանդիսավոր արարողությունը հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Փոթի նավահանգստում։

ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը հայտարարել է, որ նոր նավերը «Վրաստանին կօգնեն դառնալու ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերը Սեւ ծովում համատեղ ծովային զորավարժություններ անցկացնելիս»:

«ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայությունն ապահովել է վրացական երկու անձնակազմի ուսուցումը, որոնք սպասարկելու են «Դիոսկուրի» եւ «Օչամչիր» անվանումներն ստացած նավերը»,-ասել է Ռուդը:

Նրա խոսքով՝ «Վրաստանը բարդ հարեւանություն ունի, իսկ բռնազավթված տարածքն առանձնահատուկ մարտահրավեր է անօրինական առեւտուրը հսկելու առումով»: Նա խոստացել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Վրաստանի առափնյա պահպանության ծառայության ամրապնդմանն ուղղված ջանքերը: «Այլենդ» դասի պահականավերն ԱՄՆ-ի առափնյա պահպանության ուժերի համար ստեղծվել են 1985-ից մինչեւ 1992 թվականը:
Ընդամենը պատրաստվել է այդ դասի 49 նավ: 2014 թվականին դրանք ԱՄՆ-ի առափնյա պահպանության կազմից սկսել են դուրս բերել կառուցվող Sentinel տիպի նոր պահականավերով փոխարինվելու կապակցությամբ, սակայն ներկայում 12 նավեր դեռեւս շահագործվում են:

Տպել

Թեմայի այլ նորություններ