ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումներին․ պետքարտուղարի տեղակալ

208

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին:


Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը Հայաստան, որը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգը եւ համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու համար:


Ջորջ Քենթը նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան՝ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակաշրջանում, եւ Միացյալ Նահանգները կարեւորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնումը:


Վարչապետն անդրադարձել է ներհայաստանյան քաղաքական գործընթացներին եւ նշել, որ Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով, որը մեր հասարակության համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ ներքին համոզմունք եւ արժեք: Կառավարության ղեկավարը խոսել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարվող հետեւողական աշխատանքների եւ տարբեր ոլորտներում նախաձեռնված բարեփոխումների մասին:


ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը հաջողություններ արձանագրի ժողովրդավարության զարգացման, տնտեսական առաջընթացի, ինչպես նաեւ երկրի համար առաջնահերթ մյուս ուղղություններով, եւ պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում:


Հանդիպման ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, միջազգային արդի իրավիճակի, տարածաշրջանային մարտահրավերների եւ մի շարք այլ հարցերի շուրջ:


 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ