Անկարայի պատասխանը ԱՄՆ-ին՝ ամերիկյան մի շարք ապրանքների մաքսադրույքները կբարձրանան

674

Ի պատասխան ԱՄՆ գործողությունների, Թուրքիան բարձրացնում է ամերիկյան մի շարք ապրանքների ներմուծման մաքսադրույքները: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:


Այն այսօր՝ օգոստոսի 15-ին, տպագրվել է պաշտոնական տեղեկագրում, ինչը նշանակում է, որ այն ուժի մեջ է մտել:


Խոսքը ամերիկյան ոգելից խմիչքների, մարդատար ավտոմեքենաների, թութունի, բրնձի, քարածուխի և դիմահարդարման պարագաների ներմուծման մաքսադրույքների մասին է:


«Անկարայի որոշումը պատասխան է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից թուրքական տնտեսության վրա գրոհին»,- Twitter իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայանը:


Հիշեցնենք, օգոստոսի 10-ին ԱՄՆ-ն բարձրացրել էր Թուրքիայից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսադրույքները, իսկ ավելի վաղ պատժամիջոցներ էին սահմանվել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ: Վաշինգտոնի քայլերը պայմանավորված են Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատազրկելու հետ:

Տպել

Թեմայի այլ նորություններ