Փաշինյանը չի կարող հակադրվել ՌԴ-ին ու Արևմուտքին և դուրս բերել ՀՀ-ն բանակցություններից

Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի մասով արված հայտարարությունները հարկ է դիտարկել որպես  ներքին լսարանին ուղղված հայտարարություն: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:


«Շատերը կարծում են, որ Փաշինյանը դեմոկրատ է, որը գահընկեց արեց «անգղ» Սերժ Սարգսյանին: Բայց իրավիճակը ղարաբաղյան ուղղության վրա լրիվ այլ է: Եվ նրանք, ովքեր աջակցում էին Փաշինյանին, այդ թվում նաև փողոցային պայքարի մասնակիցները, շատ էին քննադատում Սարգսյանին, որ քիչ ուշադրություն է դարձնում Ղարաբաղի խնդիրներին: Մինչդեռ նրանք ավելի «անգղ են», քան Սարգսյանը և այս իմաստով դիրքորոշումը հստակ է՝ Փաշինյանը պետք է ցույց տա, որ իր կառավարությունը փորձում է այլ մոտեցում ցուցաբերելղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը»,- նշեց Մարկեդոնովը: 


Նա չի կարծում, թե դա կոգևորի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, քանի որ ակնհայտ է, որ վերջիններս ձեռնպահ են մնում մեկնաբանություններից կամ անում են շատ զգուշավոր հայտարարություններ, ինչպես Սերգեյ Լավրովը:


«Դա յուրովի կոմպրոմիսային մոտեցում է՝ մենք դեմ չենք լինի Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացին, եթե կողմերը համաձայնություն ձեռք բերեն: Բայց դժվար դա ստացվի, քանի որ Բաքուն դրա հետ չի համաձայնվի»,- շեշտեց Մարկեդոնովը:


Նա նաև ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ Փաշինյանի հայտարարությունը Հայաստանի հասարակության շրջանում քննարկումների առարկա դարձավ և դժվար է ասել, թե սա այն իրավիճակն է, որը կարելի է ձևակերպել որպես կոնսենսուսային: Եվ հարկավոր է հասկանալ, որ այստեղ ևս ռիսկեր կան.


«Լրիվ դուրս գալ բանակցային գործընթացից նշանակում է հակադրվել Ռուսաստանին և Արևմուտքին, քանի որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը դեմ են, որպեսզի Հայաստանը դադարեցնի իր մասնակցությունը բանակցային գործընթացում: Մյուս կողմից ակնհայտ է, որ պետք է ցույց տալ հանրությանը տարբերությունը իր և Սարգսյանի միջև և որոշակի դիվիդենտներ հավաքել: Բայց թե որքան իրողություններն ու պրագմատիզմը «կուտեն» Փաշինյանին՝ ցույց կտա ժամանակը»,- հավելեց նա:


Ամբողջական հարցազրույցը հասանելի է ռուսերենով:


Հայկ Խալաթյան

Տպել

Թեմայի այլ նորություններ