Արցախն ընտրեց անցնցում իշխանափոխության ճանապարհը. գնդակը Արայիկ Հարությունյանի դաշտում է

519

Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններին։ Այդ մասին նա ասել է մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում։


«2017 թվականին մեր ժողովուրդը ընդունեց նոր Սահմանադրություն, որով նախատեսված է անցումային փուլ՝ երեք տարի ժամկետով։ Այդ ժամանակը նախատեսված է նաեւ օրենսդրական դաշտը համապատասխեցնելու համար։ 2020թ-ին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի նախագահի համաժողովրդական ընտրություններ: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին»,- ասել է Բակո Սահակյանը։


«Իմ մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի քաղաքացի, որը ընտրում է նոր նախագահ։ Սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է մեր արժեհամակարգից, ժողովրդավարական եւ քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից։ Եւ քանի որ տեղի են ունենալու նախագահի եւ Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես որպես գործող նախագահ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ»։


Արցախը, փաստորեն, ընտրեց անցնցում, ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխության տարբերակը` 2020թ.-ին Արցախում կայանալու են ԱԺ-ի և նախագահի ընտրություններ: Իշխանափոխությունն Արցախում, ի տարբերություն ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության, տեղի է ունենալու ոչ թե փողոցի, ժողովրդական ցույցերի միջոցով, այլ ընտրական գործընթացներով, ինչը շատ կարևոր է պատերազմական վիճակում գտնվող Արցախի համար:

Հասարակության պառակտումն անթույլատրելի է, իսկ ընտրությունների անցկացումը պետք է տեղի ունենա բաց և թափանցիկ, ինչի մասին իր հարցազրույցում շեշտեց Բակո Սահակյանը:


Փաստորեն հասարակության դժգոհության մեսիջն ընկալվեց Արցախի իշխանությունների կողմից, որոնք գնացին ոչ թե հասարակության արդարացի դժգոհությունը ճնշելու, այլ համակարգային բարեփոխման ու անցնցում իշխանափոխության ճանապարհով:


Դեռևս վաղ է խոսել նախագահական ընտրություններին ֆավորիտների մասին, սակայն Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հրաժարականն ու այն հայտարարությունը, որն նա աջակցելու է Արցախում բարեփոխումներին կարող է նշանակել, որ հենց նրա շանսերն են ավելի մեծ գալիք ընտրություններում: Նրա գլխավորած Ազատ Հայրենիք կուսակցությունը մեծամասնություն է կազմում ԱԺ-ում, իսկ 2020թ.-ին խորհրդարանական ընտրություններում այդ կուսակցության հաղթանակի դեպքում Արայիկ Հարությունյանի շանսերը նույնպես կմեծանան` նա կունենա խորհրդարանական հենարան ի դեմս հաղթած կուսակցության:

Բացի այդ, Հարությունյանն ունի խոշոր բիզնեսներ Արցախում, տարիներ ի վեր աշխատել է վարչապետ, իսկ դա լրացուցիչ իմիջային, պիառ առավելություններ են ու վարչական ռեսուրսի ու ավելի լավ մեկնարկային հնարավորություններ`մյուս թեկնածուների համեմատությամբ:


Արցախում տեղի ունեցող իրադարձություններում ամենակարևորը անցնցում իշխանափոխությունն է ու ազատ, արդար ու հասարակության կողմից ընդունելի ընտրությունների անցկացումը`2020թ.-ին հետընտրական ցնցումներից խուսափելու նպատակով:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...