Անհնազանդության գործողությունները տրամաբանությունից զուրկ են. Փաշինյան

440

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է հանրությանը դադարեցնել անհնազանդության գործողությունները, քանի որ դրանք զուրկ են տրամաբանությունից:


Նա նշեց, որ Հայաստանում իրականացվել է սիրո և համերաշխության հեղափոխություն և հիմա ժամանակն է դրա խնդիրները իրագործելու: Ըստ Փաշինյանի՝ այսօր հայ ժողովուրդն է իշխանության տերը ՀՀ-ում՝ քաղաքացին հաղթել է և դրա առանցքային արդյունքը ոչ թե այն է, որ ինքն ընտրվել է վարչապետ, այլ որ ժողովուրդն է ընտրել, թե ով պետք է լինի վարչապետ:


«Այն ժամանակ մենք փակում էին փողոցները, անհնազանդության ակցիաներ էինք իրականացնում, որովհետև վստահ էինք, որ ՀՀ-ում չկա իշխանություն, որը պատրաստ է լսել ժողովրդին ու լուծել ժողովրդի խնդիրները: Բայց այսօր, երբ նման իշխանություն կա ՀՀ-ում, հասկանալի չէ, թե ինչու են ամենօրյա ռեժիմով փակվում փողոցներ ու անհնազանդության գործողություններ իրականացվում: Տրամաբանություն չկա, որովհետև ՀՀ-ում այսօր հաստատված է ՀՀ քաղաքացու իշխանություն: Սա ճիշտ մոտեցում չէ»,- հայտարարեց նա ու հորդորեց այսօր ժամը 15.00-ից դադարեցնել անհնազանդության բոլոր ակցիաները:


Փաշինյանն ասաց, որ քաղաքացիներն անհնազանդության գործողություններ իրականացնելու որևէ առիթ չունեն, թեև ինքը կոչ չի անում գնալ նստել տներում ու համակերպվել խնդիրների հետ: Այդ իսկ պատճառով վարչապետը դիմեց բոլորին և ասաց, որ քաղաքացիները պետք է հստակ ձևակերպեն իրենց խնդիրներն ու պահանջները, այդ դիմումներով 2-3 հոգանոց պատվիրակություններ ուղարկեն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն և ՀՀ կառավարության քաղաքացիների և նամակների ընդունելության բաժին: Ըստ այդմ, բոլոր հարցերն ու խնդիրները կուսումնասիրվեն, եթե հարկ լինի՝ հանրային քննարկումներ կիրականացվեն և կառավարությունը իր դիրքորոշումը բոլոր հարցերի վերաբերյալ կհայտնի.


«Սա է ճանապարհը, որպեսզի թավշյա հեղափոխության արդյունքները ուղորդենք ճիշտ ուղղությամբ»,- հավելեց նա:

Տպել

Թեմայի այլ նորություններ