Հայաստանը չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան Ռուսաստանի առաջարկն է. փոխնախարար

305

Մինչ այսօր Իրանից չի եղել ավելի էժան գնով Հայաստանին գազ վաճառելու առաջարկ, քան ռուսականն է: Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան Ռուսաստանի առաջարկն է: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:


Հիշեցնենք, ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտարարել է, թե Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին:


Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է 150 դոլարով 1000 խորանարդ մետրը: Սա՝ տեսականորեն: Գործնականում այդ գնով Հայաստանը գազ չի ստանում: Այդ գնով գազը ստանում է «Գազպրոմ Արմենիան», որը այդ գազի մատակարար, ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է: Այլ կերպ ասած, Ռուսաստանը 150 դոլարով գազը վաճառում է իրեն պատկանող ընկերությանը, որն էլ շուրջ երկու անգամ թանկ գնով վաճառում է Հայաստանին՝ հայաստանցի սպառողներին:


Փոխնախարարի խոսքով՝ երբ ավելի մրցունակ գին կլինի, այդժամ էլ այդ հարցը կքննարկվի: «Այդ հարցը մեր օրակարգում չէ: Հայաստանը շահագրգռված է ավելի մատչելի գնով գազ ձեռք բերել»,- ասաց Հարությունյանը:


Միևնույն ժամանակ բանախոսը նշեց, որ Հայաստանը Իրանի հետ շարունակում է աշխատել. «2017 թվականին Հայաստանը Իրանից ներմուծել է 382 մլն 700 հազար խմ գազ, ինչը 2016 թ-ի համեմատ աճել է 2,7 %, իսկ ՌԴ-ից ներմուծվել է 1 մլրդ 996 մլն խմ գազ՝ աճը 2016 թվականի համեմատ կազմել է 7%: Նախատեսում ենք գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակներում ծավալների ավելացում: Ծավալներն ավելացնելու որևէ խոչընդոտ չեմ տեսնում, այս տարի էլ ավելացումը լինելու է բավականին տեսանելի»,- հավելեց նա:


Ավելի վաղ Իրանի Ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Համիդռեզա Արաղին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ գազի առևտուրը։ Արաղին մասնավորապես ասել էր, որ բացի Հայաստանի հետ ունեցած «ապրանք գազի դիմաց» գործարքից, Թեհրանը պատրաստ է խթանել Հայաստանին գազի մատակարարումը։


Գործարքով, պարզաբանել էր պաշտոնյան, Իրանը Հայաստանից ստանում է 3 կՎտժ էլեկտրաէներգիա յուրաքանչյուր մեկ խմ բնական գազի դիմաց։ «Իրանն ունի Հայաստանին ավելի շատ գազ մատակարարելու հնարավորություն, սակայն հայկական կողմը չի կարող դրա դիմաց բավարար էներգիա մատակարարել»,- ասել էր Արաղին` հավելելով, որ Հայաստանի մասնավոր ու պետական հատվածները կարող են Իրանից գնել գազ։


«Կարող ենք առաքել ավելի շատ գազ, եթե վճարեն դրա դիմաց»,- նշել էև Իրանի Ազգային գազային ընկերության գործադիր տնօրենը։


2004թ․ Հայաստանն ու Իրանը ստորագրել են էլեկտրաէներգիա-գազ փոխանակման համաձայնագիրը, որի համաձայն, Իրանից մատակարարվող յուրաքանչյուր 1 խմ բնական գազի դիմաց Երևանի ՋԷԿ-ում արտադրվում և Իրան է առաքվում 3 կՎտժ էլեկտրաէներգիա: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանից Իրան տարեկան առաքվում է մոտ 1,2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա: Ինչ վերաբերում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ներքին սպառմանը, ապա այն տարեկան կտրվածքով կազմում է մոտ 6 մլրդ կՎտ ժամ:


Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությունը կազմում է մոտավորապես այնքան, որքան Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը, որը, պայմանավորված փակ սահմանների իրողությամբ, իրականացվում է երրորդ երկրներով:


Իրան-Հայաստան առևտրաշրջանառությունը 2017 թվականին աճել է, առավելապես՝ Իրանից ներմուծման ծավալների ավելացման շնորհիվ։ Իրանի հետ առևտրային հարաբերություններում Հայաստանն ավելի շատ ներմուծողի դերում է։

Տպել

Թեմայի այլ նորություններ