Մերձմոսկվայում կործանվել է ուղեւորատար ինքնաթիռ. զոհերի թվում կա 2 հայ

394

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից դեպի Օրսկ թռիչք կատարած «Սարատովի ավիաուղիների» Ան-148 օդանավն ընկել է չվերթից րոպեներ անց, զոհվել է 71 մարդ: Այս մասին հայտնում է EADaily-ն:


«Սարատովի ավիաուղիների» Ան-148 օդանավի անձնակազմի հետ կապն ընդհատվել է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե հետո, տեղորոշման կայանքներից օդանավն անհետացել է, օդանավում, նախնական տեղեկություններով, եղել է 65 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ, հայտնել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Հրապարակվել է օդանավի ուղեւորենրի ցուցակը, ըստ որի կործանված Ան-148 օդանավում երկու հայ է եղել։ Նրանց թվում են երկրորդ օդաչու Սերգեյ Գամբորյանն ու ուղեւոր Վարսիկ Սեւոյանը։ Վերջինս Հայաստանի քաղաքացի է։ Նա հաշվառված է Գեղարքունիքի Զոլաքար գյուղում, սակայն երկար տարիներ ամուսնու հետ բնակվել է ՌԴ Օրսկ քաղաքում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Զոլաքարի համայնքապետ Արման Ղազարյանը:


Զոհվել են նաեւ 2 երեխաներ: Մի քանի լրատվամիջոցներ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում են որոնողական աշխատանքների ընթացքը: ԶԼՄ-ների փոխանցմամբ, ականատեսները հայտնել են, որ ինքնաթիռի թեւի հատվածում ինչ-որ բան է պայթել, այնուհետ օդանավն ընկել է: Որոնողական աշխատանքների վայրում սաստիկ ձյուն է, քամի ու վատ տեսանելիություն:


Քննարկվող վարկածը, թե օդում ինքնաթիռը հարվածել է ՌԴ փոստային ծառայության ուղղաթիռին, հերքվել է: Փոստային ծառայության փոխանցմամբ, թյուրըմբռնման պատճառը տարածքում թափված հարյուրավոր նամակներն են, որը 20 կգ-ոց ուղեբեռ է եղել նույն Ан-148 ինքնաթիռում:


ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեվի հրամանով, ՌԴ տրանսպորտի նախարարի գլխավորությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով՝ ինքնաթիռի անկման ու կործանման պատճառների ուսումնասիրման ու քննության համար: Օրսկի ու Մոսկվայի Դովոդեդովո օդանավակայաններում արդեն հավաքվել են վթարված ինքնաթիռի զոհերի մեծ թվով հարազատներ: Նրանց հետ աշխատում են հոգեբաններ, բժիշկներ: Չնայած տեղացող ձյանը, ՌԴ ԱԻ ծառայության ղեկավար Վլադիմիր Պուչկովը հայտնել է, որ զոհերի մարմինների որոնողական աշխատանքները շարունակվելու են շուրջօրյա:


Օրսկի օդանավակայանում, որտեղ պետք է վայրէջք կատարեր ինքնաթիռը, ստեղծվել է օպերատիվ շտաբ, Մոսկվայում ու Օրենբուրգում գործում է թեժ գիծ, օգնության համար աղետի վայր են մեկնելու նաեւ քաղաքային ու շրջանային բուժաշխատողներ: Ан-148 ուղեւորատար ինքնաթիռը գործարկվել է 2010 թվականին:


Հրապարակվել է առաջին տեսանյութը՝ աղետի վայրից, ինքնաթիռը հայտնաբերվել է մասնատված: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ցավակցություններն են հայտնել զոհերի հարազատներին: Պուտինը հետաձգել է նաեւ իր աշխատանքային այցը Սոչի:


Տպել

Թեմայի այլ նորություններ