Bloomberg. Ինչպե՞ս է «կրեմլյան զեկույցն» անդրադարձել ռուսաստանաբնակ գործարարների վրա

335

Ռուսաստանաբնակ գործարարները սկսել են իրենց գործունեության նկատմամբ ավելի մեծ ուշադրություն զգալ ԱՄՆ-ում «Կրեմլյան զեկույցի» հրապարակումից հետո, հայտնում է Bloomberg-ը: Ցանկում ընդգրկված գործարարներից մեկը պատմել է գործակալությանը, որ մտավախություն ունի օտարերկրացի գործընկերների հետ գործարքի վերաբերյալ, որը պետք է ավարտին հասցվեր առաջիկա մի քանի ամիսներին, բայց այժմ կարող է տեղի չունենալ:


Մեկ այլ հարուստ ռուսաստանցի հայտարարել է, որ զեկույցի պատճառով լուրջ տուժել է իր հեղինակությունը:


Վաշինգտոնում գտնվող Financial Integrity Network ընկերությունը, որը խորհրդատվություն է տրամադրում բանկերին և այլ կազմակերպությունների ֆինանսական գործարքների անվտանգության հարցերով, կոչ է արել հաճախորդներին ուշադիր ուսումնասիրել «կրեմլյան ցանկում» ընդգրկված ցանկացած մարդու մասնակցությամբ գործարքները:
Մասնավորապես, ընկերությունն առաջարկել է հատուկ ցուցակում ներառել այդ զեկույցում հիշատակված ռուսաստանցիներին, որոնք «մեծ հավանականությամբ կարող են ներգրավված լինել կաշառակերության կամ կոռուպցիայի մեջ՝ իրենց կարգավիճակի կամ ազդեցության պատճառով»:


Bloomberg-ի ևս չորս աղբյուրի խոսքով՝ որոշ օտարերկրյա բանկեր արդեն ուժեղացրել են այդ անձանց հետ կապված գործարքների նկատմամբ վերահսկողությունը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում «կրեմլյան ցանկ», որում ընդգրկվել են 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): ԱՄՆ ֆինանսների նախարարության պատրաստած զեկույցում ներառվել են անձանց անուններ, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...