Մաթիսը ռուսների հետ բանակցություններում միջուկային հրթիռը հաղթաթուղթ է անվանել
ԱՄՆ միջուկային զինանոցում ծովային տեղակայման թեւավոր հրթիռի ներգրավման մասին Թրամփի վարչակազմի առաջարկը նպատակ ունի նոր լծակներ ապահովել ամերիկյան դիվանագետների համար, որոնք փորձում են համոզել Ռուսաստանին դադարեցնել Սպառազինությունների վերահսկման մասին պայմանագրի խախտումները: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը, հաղորդում է AP-ն:
«Գաղափարը կայանում է նրանում, որ մեր դիվնագետները կարողանան ուժի դիրքերից բանակցություններ վարել», -Կոնգրեսի Զինված ուժերի հանձնաժողովի լսումներին ասել է Մաթիսը:
«Չեմ կարծում, որ ռուսները պատրաստ են հրաժարվել ինչ-որ բանից՝ փոխարենը ոչինչ չստանալով», - ասել է նա՝ նշելով, որ թեւավոր հրթիռը կարող է հաղթաթուղթ դառնալ:
Պատասխանելով հարցին՝ կհրաժարվի արդյոք ԱՄՆ-ն միջուկային զինանոցում ծովային տեղակայման թեւավոր հրթիռի ներառումից, եթե ռուսներըբ հետեւեն պայմանագրին, Մաթիսը խուսափելով նշել է, որ չի ցանկանում նախապես խոսել բանակցությունների մասին:
Խոսելով այն մտավախությունների մասին, որ նոր միջուկային ռազմավարությունը կխաթարի միջուկային զենքը կրճատելու եւ, ի վերջո, վերացնելու ջանքերի հետ կապված ԱՄՆ առաջատարի դիրքը, Պենտագոնի ղեկավարը նշել է, որ հակառակը՝ «միջուկային ռազմավարությունը հաստատում է միջուկային զենքի դերը ազգային պաշտպանությունում», միեւնույն ժամանակ, նա ընդգծել է ԱՄՆ կողմից միջուկային ահաբեկչությունը կանխելու, եւ սպառազինությունների վերահսկմանն ուղղված պարտավորությունը: