Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են արտակարգ իրավիճակներում համագործակցության պլան

253

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է ՀՀ ԱԻՆ եւ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջեւ համագործակցության պլանի ստորագրման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:


Համագործակցության պլանը մշակվել է 1994թ.-ին կնքված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխարգելման եւ դրանց հետեւանքների վերացման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի հիման վրա:


Պլանը ստորագրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Մ.Ղազարյանի եւ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Ա.Միխեեւի կողմից:


Համագործակցության պլանով նախատեսված է ապահովել բնական եւ մարդածին արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման վտանգների մասին ազդարարում եւ տեղեկատվության փոխանակում, համատեղ ուսումնավարժությունների անցկացում, վթարավերականգնողական փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ արտակարգ իրավիճակներում տուժածների կենսագործունեության ապահովման միջոցառումների իրականացում:


Անդրադառնալով Համագործակցության պլանի բովանդակությանը՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ տեղեկատվության փոխանակումը, ազդարարումը եւ համատեղ ուսումնավարժանքները աղետներին համատեղ դիմակայելու գործընթացի հիմնասյունային բաղադրիչներից են:


Համագործակցության պլանի խնդիրներից է նաեւ քիմիական, կենսաբանական եւ ճառագայթային վարակների ենթարկված տարածքների բացահայտումը, սանիտարական միջոցառումների, արտակարգ իրավիճակներից հետո վերականգնողական միջոցառումների համատեղ իրականացումը եւ այլն:

Տպել

Թեմայի այլ նորություններ