Մամուլի տեսություն. Հայաստանը Թուրքիայից հումանիտար օգնություն է ստացել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ նախապես պլանավորված մամուլի ասուլիսը երեկ չկայացավ: ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Վահե Պապոյանը երկու տարբեր գրություններով անհեթեթ պատճառաբանություններով մերժեց լրագրողների մուտքը ՔԿՀ: Այս որոշումը թերեւս 2 պատճառ ունի. նախ որ լրագրողները չտեսնեն Շիրխանյանին, որը հաշմանդամ է դարձել կալանավայրում եւ ինքնուրույն չի կարողանում քայլել, երկրորդ` Շիրխանյանը խոստացել էր ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանին մի քանի ուղերձ հղել: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց որոշ ուշագրավ դրվագներ պարզել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցախմբի գործով քննության ընթացքից: Պարզվում է` քննությունն այնպես է ընթացել, որ իբրեւ հանցախմբի իրական պարագլուխ նշվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը: Երբ առերեսում է եղել Վահան Շիրխանյանի եւ հայր Անտոնի միջեւ, ԱԱԾ քննիչը հարց է տվել հոգեւորականին, թե ով է այս ամենի հետեւում: Ի պատասխան՝ հայր Անտոնն ասել է, թե Սեյրան Օհանյանը: Շիրխանյանը բղավել է, թե ստում ես, ինչ կապ ունի նա: Քննիչը շարունակել է՝ Դուք պետք է հանդիպեի՞ք Օհանյանին, հայր Անտոնն ասել է՝ այո: Ու երբ Շիրխանյանը բղավելով վեր է կանգնել տեղից, հոգեւորականը «վալերյանկա» է վերցրել ու խնդրել դադարեցնել առերեսումը՝ պատճառաբանելով, թե վատ է զգում, ապա նահանջել է` ասելով ոչ: Բանն այն է, որ Օհանյանն ու Շիրխանյանը մտադիր էին նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին սկսել «Սպաների համահայկական միության» հիմնադիր համագումարը, որի նախագահը պետք է լիներ Օհանյանը: Միությունը պլանավորում էր ունենալ 10 հազար անդամ` աշխարհի տարբեր երկրներից: Սակայն չստացվեց, փոխարենը Օհանյանի գլխին «սուր կախվեց»»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը անհավանական բացահայտում է կատարել: Պարզվում է՝ 2015 թվականին Թուրքիան Հայաստանին հումանիտար օգնություն է ցուցաբերել: Այս մասին արձանագրված է պաշտոնական փաստաթղթերում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2015 թվականին ՀՀ կողմից ստացված մարդասիրական օգնությունը ընդհանուր առմամբ կազմել է մոտ 5 հազար տոննա, որը կազմել է մոտ 50 մլն դոլար: Պարզեցինք, որ Թուրքիայից Հայաստանի ստացած մարդասիրական օգնությունն իր մեջ պարունակել է կաուչուկ, պլաստմասսա, ռետին եւ նմանատիպ այլ իրեր: Սակայն ամենաարտառոցն ու խնդրահարույցն այն է, որ հայրենի պետական կառույցները` ի դեմս կառավարության եւ ԱՎԾ-ի, իրար հակասող տեղեկություններ են տրամադրում: ՀՀ կառավարությունը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ կտրականապես հերքեց Թուրքիայից օգնություն ստանալու հանգամանքը. «Թուրքիայի կողմից ոչ մի օգնություն, ինչպես նաեւ փոխադարձ օգնություն չի եղել»: Ստեղծված հակասության մեջ այդպես էլ անհայտ է մնում իրականությունը»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցությունը փորձում է ընդդիմադիր բոլոր ուժերի կոնսոլիդացիայի գործընթաց սկսել, որում ընդգրկված չեն լինի «Հայկական Վերածնունդ»-ն ու ԲՀԿ-ն։ Այս գործընթացի շուրջ արդեն իսկ բանակցություններ են սկսվել։ Ֆինանսների բացակայությունից բացի, «Ժառանգությունն» ասոցացվում է «Սասնա ծռերի» գործողությունները սատարելու և աջակցելու հետ, որը մերժում է ընտրություններով այս պահին որևէ բան փոխելու հնարավորությունը։ Հետևաբար՝ «Ժառանգության» այս նախաձեռնությունը կարող է մյուս ուժերի մոտ գլխացավանք առաջացնել։
Երկրորդ պատճառն էլ այն է, որ «Ժառանգություն» կուսակցություն գոյություն չունի, կան մի քանի անհատներ, որոնք գործում են այդ կուսակցության անունից, Րաֆֆի Հովհաննիսյանը տարվա մեծ մասը Հայաստանում չէ և կտրվել է Հայաստանի քաղաքական իրականությունից»:

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը երեկվա ասուլիսի ժամանակ 4+4+4 ձեւաչափով քննարկումների արդյունքում ընդունված ԸՕ-ի վերաբերյալ խոսելիս ասել էր. «Քաղաքացիական հասարակությունը, ընդդիմությունը, իմ կարծիքով, չկարողացան ճիշտ բանակցել, բավարարվեցին ընդամենը ցուցակները հրապարակելով։ Ցուցակները հրապարակելը պոստ-ֆակտում իրավիճակ է։ Պետք էր կանխել։ Կանխարգելիչ բաներ անելը շատ ավելի արդյունավետ է»։ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «ՉԻ» հետ զրույցում, անդրադառնալով այդ հայտարարություններին, նկատել է. «Եթե Օսկանյանն այդքան հզոր բանակցող էր, թող գնար եւ ստանար ավելին, քան մենք ենք ստացել եւ այդ ժամանակ նոր իրավունք ձեռք կբերեր՝ քննադատելու մեր արածը։ Ի դեպ, հիմա էլ դեռ ուշ չէ։ Թող գնա եւ իշխանությանը պարտադրի իր ասածը, ինչպես մենք ենք արել։ Մենք էլ պատրաստ ենք իրեն աջակցել հայրենանվեր այդ գործում»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունը հետեւողականորեն համալրում է «գազավիկներով»: Վերջին համալրումը եղավ երեկ՝ ի դեմս Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նոր պետի՝ Իշխան Կարապետյանի, որի նշանակման մասին մենք օրեր առաջ էինք գրել: Կարապետյանը ժամանակին զբաղեցնում էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ ղեկավարում էր Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը, իսկ հետո՝ գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ն, որի փայատերերից է նաեւ վարչապետը: Իշխան Կարապետյանը ներկայումս մսամթերք արտադրող «Նաթֆուդ» ՓԲԸ տնօրենն է: Ընկերությունը թողարկում է «Բիելա», «Ֆերմա», «Նաթֆուդ էլիտ» ապրանքանիշերի մսամթերք: Ի դեպ, 2006-ին հիմնադրված «Նաթֆուդը» («Վալլետտա»-ի իրավահաջորդը) ժամանակին մեծածախ առեւտրի ձեռնարկություն էր, հայտնի էր «Սթար» սուպերմարկետների ցանցով, ռեստորան-սրճարաններով, «Պրիմեր» սուրճով, «Լանգուրա» հավի, ռուսական ձեթի, ձիթապտղի եւ այլ մթերքների ներկրմամբ: Մոտ 2 տարի առաջ գործարար Ներսես Կոստանյանը՝ «Կոստանդ» ՍՊԸ տնօրենը, մամուլում հանդես էր եկել սենսացիոն հրապարակմամբ, որում ներկայացրել էր «Նաթֆուդի» ստվերային գործունեության, գործընկերներին (այդ թվում եւ իրեն) «քցելու» պատմությունը: Հոդվածը վերնագրված էր. «Որոգայթ՝ «նաթֆուդյան ձեւով»»: Իսկ մոտ 1 ամիս առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանը «Կոստանդ» ՍՊԸ-ն ճանաչել է սնանկ: Սննդամթերքի անվտանգությունն ու դրա ապահովումը, որը թերեւս ամենախնդրահարույց ու խոցելի ոլորտներից է, այժմ վերապահվել է սննդամթերքի արտադրությամբ զբաղվող մարդու, որը շահագրգիռ անձ է այդ ոլորտում: Արդյո՞ք նորանշանակ պաշտոնյան պատշաճ անաչառություն կկարողանա ցուցաբերել»: