22.11.2024
Արա Նռանյան. Հայկական ապրանքները լավ հեռանկարները ունեն ԵՏՄ-ի շուկայում
prev Նախորդ նորություն

Խաղն ավարտվեց. ՀՀ նախագահը «պատերազմ» է հայտարարել Գագիկ Ծառուկյանին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին ծավալուն ելույթով է հանդես եկել իշխող Հանրապետական կուսկացության գործադիր մարմնի նիստում, որն ամբողջությամբ նվիրված է եղել ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին: Իր ելույթում բաց տեքստով Սերժ Սարգսյանն անվանել է Ծառուկյանին «չարիք», «կեղծ քաղաքական երևույթ» և խոստացել «մաքրել քաղաքական դաշտը նման գործիչներից»:

«Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ մենք ուղղակի պարտավոր ենք մի պահ կանգ առնել ու հասկանալ, թե ինչպես ենք քաղաքական դաշտը կրկին դարձնում զուտ քաղաքական գործիչների հարթակ, ինչպես ենք քաղաքականությունը մաքրում տգիտությունից ու գործընթացները վերադարձնում մտավոր դաշտ: Առանց դրա շատ դժվար կլինի կանգնել զարգացման բոլոր այն մարտահրավերներին դեմ հանդիման, որոնք այսօր գոյություն ունեն», - հայտարարել է Սարգսյանը, նշելով, որ չի ցանկանում անդրադառնալ Ծառուկյանի կողմից օրեր առաջ հնչեցրած սուր քննադատական ելույթին, քանի որ «անիմաստ զբաղմունք» է:«Քննարկելու իմաստը ո՞րն է: Ի՞նչը քննարկենք. քննարկենք ի՞նչ է ասվել, թե՞ քննարկենք՝ արդյո՞ք հասկացել է, թե ինչ է ընթերցում», - հարցադրում է հնչեցրել նախագահը:

ՀՀԿ առաջնորդը հեգնական տոնով նշել է, որ թիմակիցներն անընդհատ ջանք են թափում բացատրելու (Ծառուկյանին), թե որն է «այբը», որը՝ «բենը»: «Ոմանք սեփական օրակարգն են գրում, դեմ տալիս՝ մտքում համոզված լինելով, որ «միևնույն է՝ չի հասկանալու ինչ է հնչեցնում»: Գործընկեր կուսակցություններն էլ օր ու գիշեր քննարկում են՝ հասկացա՞վ արդյոք ինչ է անում, թե՝ ինչպես միշտ: Մարդ չգիտի՝ նախ բացատրի, թե ինչ դեր է ինքը վերցրել և ինչ է ասել հրապարակավ, հետո՞ պատասխանի դրանց, թե՞ միանգամից ասի՝ ախր էս ամենը քո ի՞նչ խելքի բանն է, եղբա՛յր: Ախր քաղաքական դաշտը բազկամարտի ֆեդերացիա չէ՝ այստեղ այլ հատկանիշներ են հարկավոր», - նշում է նախագահը:

Խոսելով իր կողմից նախաձեռնած սահամանդրական բարեփոխումների դեմ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստանի» արշավի մասին՝ երկրի ղեկավարը նշել է, որ ոչինչ իրեն չի խանգարել և չի խանգարում ստորագրել համապատասխան փաստաթուղթը և սկսել նոր Սահմանադրության նախագծի մշակման փուլը: Բացելով փակագրեծը՝ Սարգսյանը տեղեկացրել է, որ առկախել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը նաև հենց Ծառուկյանի խնդրանքով և լայն քաղաքական կոնսոլիդացիայի հասնելու համար: «Ես դա արել եմ նաև անձամբ Գագիկ Ծառուկյանի խնդրանքով, ինչը սակայն հետագայում նրան սպասարկողները սկսեցին կոչել հետքայլ», - նշել է նա:

Միևնույն ժամանակ Սարգսյանը աբսուրդ է համարել կարծիքներն առ այն, որ սահմանադրական բարեփոխումները կոչված են ապահովել իշխանության վերարտադրությունը: «Դա աբսուրդ է, ուղղակի աբսուրդ՝ անհեթեթություն: Սահմանադրական բարեփոխումները մարդկանց և քաղաքական գործիչների ու նրանց ամբիցիաների մասին չեն ամենևին, դրանք մեր երկրի, մեր զավակների ավելի ապահով ու զարգացման ավելի ամուր նախադրյալներով ապագայի համար են», - հայտարարել է նախագահը:

«Իսկ եթե դեռ կա մեկը, ով ուզում է, որ ամեն ինչ մնա նույնը՝ կարծելով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կգնան ընտրության և, հաշվի առնելով իրենց, իրենց երեխաների ապագան և անվտանգությունը, Հայաստանի տեղը արդի աշխարհում և մեր առջև ծառացած մարտահրավերները, սոցիալ-տնտեսական առանց այն էլ բարդ խնդիրների վրա արտաքին միջավայրից եկող ահագնացող ճնշումները, անպայման կընտրեն մեկին, ով տարիներ ի վեր իշխանության մեջ լինելով հանկարծ սկսել է իրեն այլընտրանք հորջորջել, ով իրականում դատարկ տեղն իրեն փրկիչ է կարծում, ապա նա ոչ միայն ոչինչ չի հասկանում պետությունից, հասարակությունից, սոցիոլոգիայից ու քաղաքականությունից, այլև լրջորեն շփոթում է կյանքը կրկեսի հետ»:

Նախագահի պնդմամբ՝ քաղաքական լուրջ գործընթացների, քաղաքական լայն կոնսոլիդացիայի՝ համախմբման մասին դժվար է խոսել, երբ կարևորում ես քաղաքական ուժը, որտեղ կան լուրջ մարդիկ, բայց որը ղեկավարում է քաղաքականության և տարրական «տրամաբանության հետ կապ չունեցող մարդ»: «Նման իրավիճակում իսկապես դժվար է խոսել ու որոշումներ ընդունել քաղաքական հիմնարար գործընթացների մասին: Այս պահին, շատ ավելի կարևոր է հենց հիմա զբաղվել քաղաքական դաշտի մաքրմամբ, քաղաքական դաշտում քաղաքական գործիչների համար տեղ բացելով, որ հնարավոր լինի քաղաքակա՛ն լուծումներ գտնել, քաղաքակա՛ն որոշումներ կայացնել», - հայտնել է նախագահը, շարունակելով. «Մենք պիտի քաղաքական դաշտը իսպառ մաքրենք ֆեոդալական տրամաբանությունից»:

«Ժամանակն է ամբարտավանին ցույց տալու իր տեղը, տգետին՝ իր տեղը, իսկ մոլորյալին՝ իրենը: Եվ ժամանակն է հստակություն մտցնելու դաշտում: Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պիտի լուծել, և այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից», - նշում է նա, միևնույն ժամանակ, չբացատրելով, թե ինչու հենց հիմա որոշեց «մաքրել քաղաքական դարշը» և արդյոք «մաքրման գործընթացը» վերաբերելու է միայն Ծառուկյանին:

Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք, շարունակում է Սերժ Սարգսյանը: «Ու դա բնական է: Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ: Մի բան, ինչն ակնհայտորեն երևում է արդեն վաղուց: Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը. աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ և ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում», - նշում է նա՝ համարելով Ծառուկյանի քաղաքական մեծ հնարավորություններն «ողբերգություն»:

«Վստահաբար նրա շրջապատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդիսանալը իրական վտանգ է: Պատկերացնու՞մ եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում տեքստ է կարդում, որին հաջորդում են պատգամավորների, այդ թվում նաև թուրք և ադրբեջանցի պատգամավորների, հարցերը: Այո՛, պատկերացնելը շատ բարդ է և սոսկալի, իհարկե: Նրա արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմությունները դեռ մինչ օրս մենք չենք մարսել»:

Միևնույն ժամանակ Սարգսյանը ստեղծված իրավիճակի մեջ տեսնում է նաև իր մեղքը` նման քաղաքական կամ ավելի շուտ «վայ-քաղաքական սուբյեկտ հովանավորելու, ավելին՝ աճեցնելու համար»: «Ստեղծված իրավիճակում ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը: Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը, ե՛ս եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ-այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո՝ բացատրելով, որ նա ուղղի իր սխալը: Անձնական ինչ-որ շահ չեմ ունեցել. փորձել եմ ինձնով փակել ակնհայտ խնդիրը՝ այն շատ-շատերի խնդիրը չդարձնելու համար», - հիշեցրել է նախագահը:

«Այո՛, դա սխալ էր, դա իմ սխալն է եղել, իմ ու մի քանի այլոց, ովքեր թեև դա անում էին ոչ թե «հանուն», այլ «ընդդեմ» նպատակներով, բայց նրանց մեղքն էլ ես իմն եմ համարում: Սխալը պետք է ուղղել: Արագ, մինչև վերջ և հստակ: Այլևս որևէ մեկը կանգնելու կամ հապաղելու իրավունք չունի», - հայտարարել է Սարգսյանը՝ ուրվագծելով իր քաղաքական թիմի հետագա գործողությունների հերթականությունը ընդդեմ Ծառուկյանի:

Սարգսյանը տեղեկացրել է, որ ազատելու է Ծառուկյանին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից՝ ակնարկելով, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները կարող են սկսել ԲՀԿ առաջնորդին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց: «2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին և Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը», - հայտարարել է ՀՀԿ առաջնորդը:

Նախագահը նաև հայրարարել է ստուգվելու են Ծառուկյանի կողմից միլիարդավոր չվճարված հարկերի և քորղարկված հանցագործությունների մասին լուրերը: Համապարասխան ահնձնարարական նա տվել է հենց Ծառուկյանի խնամի, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

«Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին», - կարգադրել է երկրի ղեկավարը:

Նա նաև կարգադրել է ստուգել բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ», - նշել է նա:

Ելույթի ավարտին, նախագահը պարզաբանել է, որ խոսքն ամբողջությամբ Գագիկ Ծառուկյան «քաղաքական կամ կեղծ-քաղաքական երևույթի մասին էր»: «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու և գործարարի, ես նրա հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում, եթե, իհարկե, հիմնավորապես հերքվեն օրենքի հետ խնդիրներ ունենալու մասին բոլոր լուրերը», - ամփոփել է նա: