Էստոնիայի դեսպանին ներկայացվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին:
Հանձնաժողովի նախագահը, շնորհավորելով Մարգ Մարդիսալու-Կահարին դեսպան նշանակվելու կապակցությամբ, կարեւորել է երկու երկրների միջեւ քաղաքական ակտիվ երկխոսությունն ու համագործակցության խորացումը: Նա ընդգծել է նաեւ Էստոնիայի դերակատարությունը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը նշել է, որ այցի նպատակներից է նաեւ առավել հանգամանալից ծանոթանալ Հայաստանի զարգացման առաջնահերթություններին եւ մարտահրավերներին, իրականացվող բարեփոխումներին: Գլոբալ եւ տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում Մարգ Մարդիսալու-Կահարը կարեւորել է Հայաստանի դինամիկ զարգացումը: Նա վերահաստատել է Էստոնիայի հանձնառությունն աջակցելու Հայաստանին ընթացող բարեփոխումների եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում:
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:
Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարեւորությունը Հայաստանում:
Անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերի: