Ֆրանսիան կուժեղացնի ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արեւելյան մասում՝ Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ ստեղծված լարվածության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ես որոշել եմ առաջիկա օրերին ժամանակավորապես ուժեղացնել ֆրանսիական ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արեւելյան մասում՝ եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Հունաստանի հետ համագործակցությամբ», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մակրոնը: Նրա խոսքով՝ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում իրավիճակը մտահոգիչ է։ «Նավթի հետախուզման վերաբերյալ Թուրքիայի միակողմանի որոշումները լարվածություն են առաջացնում։ Այն պետք է դադարեցվի, որպեսզի հնարավոր լինի խաղաղ երկխոսությունը հարեւանների եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ», - համոզված է Ֆրանսիայի նախագահը։