8.06.2025
ԱՄՆ կոնգրեսականները հատուկ բանաձևով պահանջում են Ադրբեջանից ազատ արձակել հայ գերիներին
17.03.2021
ԱՄՆ կոնգրեսականները հատուկ բանաձևով պահանջում են Ադրբեջանից ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ Ներկայացուցչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրանկ Փալոնը, Դեյվիդ Վալադոն և Ջեքի Սփիերը մարտի 16-ին ներկայացրել են բանաձև, որը կոչ է անում Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, հաղորդում է «Ասպարեզը»: Բանաձևին իրենց աջակցությունն են հայտնել Ներկայացուցիչների պալատի շուրջ 30 անդամ: Բանաձևում նշվում է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ստորագրած եռակողմ հայտարարությամբ կողմերը պարտավորվում էին ազատ արձակել բոլոր գերիներին, ու թեպետ Հայաստանն ամբողջությամբ կատարել է իր պարտականությունը, Ադրբեջանը կեղծում է ռազմագերիների կարգավիճակը՝ փորձելով արդարացնել նրանց գերի պահելու իր ցանկությունը: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս առիթով նշել է. «Մենք ողջունում ենք, որ Կոնգրեսը կոչ է անում ԱՄՆ-ին ավելի ուժեղ ու կայուն գործողությունների գնալ: Մենք ուրախ ենք, որ երկու կուսակցություններն էլ աջակցել են ԲԲաքվին ուղղված այդ կոչը՝ անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել ավելի քան 200 հայ պատանդներին, որոնց Ադրբեջանը շարունակում է անօրինականորեն պահել իր մոտ: Մենք շնորհակալ ենք կոնգրեսական Շիֆին եւ նրա գործընկերներին այս մարդասիրական քայլի համար»: Բանաձևի եզրափակիչ հատվածում ասվում է. «Ներկայացուցիչների պալատը 1. Կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց, 2. Հորդորում է ԱՄՆ պետքարտուղարությանը բոլոր մակարդակներում, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում, աշխատել Ադրբեջանի հետ՝ հասկացնելով, թե որքան կարևոր է հավատարիմ մնալ սեփական պարտավորությունների կատարմանը՝ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային իրավունքի՝ անհապաղ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց»: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն անընդունելի է համարում ԼՂ վերջին պատերազմից ավելի քան 100 օր անց հարյուրավոր հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց՝ Ադրբեջանում պահվելը: «Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել այս գերիներին, որքան ուշացնի դա, այնքան ավելի շատ ցույց կտա իր անարգանքը միջազգային օրենքների և մարդու իրավունքների նկատմամբ: Ադրբեջանն արդեն իսկ մեղավոր է վերջին պատերազմում գործած սարսափելի վայրագությունների համար, և սա ավելի է խորացնում խնդիրը»,- ասել է Շիֆը՝ նշելով, որ ԱՄՆ-ը բոլոր դիվանագիտական խողովակներով պետք է ապահովի հայ գերիների վերադարձը: Բիլիրակիսի գնահատմամբ՝ պատերազմից ամիսներ անց հայ ռազմագերիներին փակի տակ պահելու ադրբեջանական կողմի քայլը Ժնևի կոնվենցիայի և միջազգային օրենքի հստակ խախտում է: