Ռուսաստանն աջակցում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցությունների մեկնարկի մասին առաջարկը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդիի հետ բանակցություններից հետո Լավրովը նշել է, Ինդոնեզիան հետաքրքրություն է դրսևորում ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցում. «Ինդոնեզիան հետաքրքրություն է դրսևորում այդ միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցություններ սկսելու նկատմամբ: Համապատասխան առաջարկն արվել է, այն այժմ ուսումնասիրվում է: Ռուսաստանն այն աջակցում է»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն: Ավելի վաղ գործակալության աղբյուրները հայտնել էին, որ 2017 թվականի մայիսին Ինդոնեզիայից առաջարկ է ստացվել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ուսումնասիրության համար հետազոտական խումբ ձևավորելու վերաբերյալ: