Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) լրացուցիչ 2 մլն եվրո կհատկացնի։ Այդ մասին ասված է Հայաստանում Գերմանիայի դեսպանության X-ի (նախկինում՝ «Թվիթեր») էջում տեղադրված հայտարարությունում։ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է, այդ պատճառով Գերմանիան ԿԽՄԿ-ին լրացուցիչ 2 միլիոն եվրո է տրամադրում տարածաշրջանում մարդասիրական առաքելության համար: Կարևոր է, որ օգնությունը հասնի հիմա»,- ասված է հայտարարությունում։ The humanitarian situation in #NagornoKarabakh is very tense. Germany is therefore providing the @ICRC with additional 2 million euros for its life-saving work in the region. It is important that the aid arrives now, which is why we are committed to open humanitarian access. https://t.co/q5HxIowIJN — German Embassy Yerevan (@GERinArmenia) September 11, 2023 2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։ Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։