Իրանը կմիանա եվրոպական էներգետիկ ցանցին իր հարևանների միջոցով։ Այս մասին ասել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը։ «Մենք պլանավորում ենք միանալ Եվրոպային հարևան երկրների էներգետիկ գծերի միջոցով»,- IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ ասել է նախարարը։ Նա նաև նշել է, որ Իրանը էլեկտրաէներգիա է փոխանակում հարևան երկրների հետ, ինչպիսիք են Հայաստանը, Աֆղանստանը, Պակիստանը, Թուրքիան, Իրաքը, Ադրբեջանը։ Ըստ Արդականյանի՝ հարևան երկրների հետ ընդհանուր ջրային ռեսուրսների համատեղ օգտագործումը կարող է նպաստել Իրանի և հարևան պետությունների համագործակցության ընդլայմանը։