1.07.2026
Կրքեր Ջավախքում տեղադրված արձանի շուրջ. Թբիլիսիում ադրբեջանցիները ցույց են անում
08.02.2019
Կրքեր Ջավախքում տեղադրված արձանի շուրջ. Թբիլիսիում ադրբեջանցիները ցույց են անում

Այսօր առավոտից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մի խումբ ադրբեջանցիներ պահանջում են ապամոնտաժել հունվարի 20-ին Ջավախքում տեղադրված արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի արձանը: Այս մասին տեղեկանում ենք aliq.ge -ի ֆեյսբուքյան ուղիղի միջոցով: Ակցիային ներկա են նաեւ մի քանի վրացի քաղաքացիական ակտիվիստներ: Նրանք Միքայել Ավագյանին անջատողական են անվանում՝ հայտարարելով, որ վերջինս մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Աբխազիայի պատերազմին: Նրանց խոսքով, կիսանդրու գոյությունը բացասաբար է ազդում վրաց-ադրբեջանական բարեկամության վրա: Նկատենք, որ Ախալքալաքի Բուղաշեն գյուղում Ավագյանի կիսանդրու վերաբացումից հետո ադրբեջանական, ինչպես նաեւ վրացական մամուլում եւ սոցցանցերում հակահայկական տրամադրություններ են տարածվել: Ակտիվ շրջանառվում են հակասական տեղեկություններ Ավագյանի մասին: Միքայել Ավագյանի հուշարձանի թեման մի քանի օր առաջ քննարկվեց նաեւ Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին նիստում: Վրաստանում ադրբեջանցի պատգամավոր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Ազեր Սուլեյմանովը հարց էր ուղղել խորհրդարանի նախագահին: Ազեր Սուլեյմանովը խնդրել էր խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին հուշարձանն ապամոնտաժել: «Ախալքալաքում ադրբեջանական ժողովրդի թշնամի, անջատողական Միքայել Ավագյանի հուշարձան է կանգնեցվել: Դա հասարակության մեջ լուրջ իրարանցում առաջացրեց: Սա Վրաստանի դեմ կանխամտածված սադրանք էր: Հետաքրքիր է, որ հուշարձանի բացման ժամանակ ներկա էին ձեր կուսակից պատգամավորները, քաղաքապետերը եւ Սակրեբուլոյի նախագահները, նաեւ Հայաստանի դեսպանը: Հուշարձանը բացվել էր հունվարի 20-ին, երբ Ադրբեջանում սգո օր էր: Ե՞րբ կքանդվի այս հուշարձանը: Սա հասարակության շահն է եւ մեր պահանջը»,– ասել էր Սուլեյմանովը: Իսկ Իրակլի Կոբախիձեն էլ պատասխանել էր, որ այդ թյուրիմացությունը լուրջ անհանգստություն է ստեղծել իրենցից յուրաքանչյուրի համար: Խոսնակը հավելել էր, որ այս հարցի շուրջ խորհրդակցություններ են ընթանում: «Իհարկե, Վրաստանը հստակ դիրքորոշում ունի հարեւան երկրների հետ կապված: Մենք հարգում ենք հարեւան երկրների շահերը եւ գործում ենք համապատասխան այդ շահերի, անհրաժեշտության դեպքում, և անհրաժեշտություն կա: Մենք մեր գործընկերների հետ խորհրդակցություններ ենք անցկացնում, մենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ խորհրդակցություններ ենք անցկացնում, եւ միասին մենք այնպիսի որոշում կկայացնենք, որպեսզի մեր հարեւանությամբ պահպանենք խաղաղ իրավիճակ»,-ասել է Կոբախիձեն: Արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի նոր հուշարձանը տեղադրվել էր 2019 թվականի հունվարի 20-ին էր: 1994 թվականին տեղադրված հին հուշարձանը վնասվել էր եւ գյուղի բարերարներից մեկը միջոցներ էր հատկացրել՝ Ախալքալաքի Բուղաշեն գյուղում նոր հուշարձանի համար: Նոր հուշարձանի բացումը տեղի է ունեցել պաշտոնական անձանց ներկայությամբ՝ ինչպես տեղական իշխանություններից, այնպես էլ դիվանագիտական կորպուսից: Տվյալ փաստը Ադրբեջանում մեծ դժգոհություն առաջացրեց: Ադրբեջանում Վրաստանի դեսպանը կանչվել էր ԱԳՆ եւ նրան բողոքի նոտա էին փոխանցել՝ այս հարցի վերաբերյալ: